![](/banners/BeFunky-design.jpg)
«Ծով, ծով… Ձմեռն ի՞նչ ծով». Վարդան Այվազյանը Վրաստանի տուրիզմի աճը առավելությունները միայն ծովով չի պայմանավորում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Vardan-Ayvazyan.jpg)
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է, որ անցած տարի 1.2 մլն զբոսաշրջիկ է եկել Հայաստան, իսկ սպառումն ընկել է, անշարժ գույքի գներն ընկել են:
«Դրանք հակառակ էֆեկտը պիտի տային: Մեր սպառումն ինչի՞ ա ընկնում, էս ամենամեծ ֆոկուսն ա: Սպառումն ընկնելու հետ էլ հարկային մուտքերն են ավելանում: Տնտեսագիտական որ խորանում ես, առողջական պրոբլեմներ կունենաս»,- ասաց Վ.Այվազյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը սպառման անկումը պայմանավորեց գնանկումով: Ըստ նրա` գնանկումը տնտեսական զարգացումը կասեցնող գործոն է. «Եթե ունենայինք որշակի գնաճ, դուք չէիք նշի, որ սպառումը նվազել է»: Նախարարը հարցադրում արեց, թե տուրիզմից ակնկալիքը ո՞րը պետք է լինի:
«Գնացեք Վրաստան, տեսեք որը պետք է լինի»,- նկատեց Վ.Այվազյանը:
Ա.Մինասյանը վրդովվեց, թե արդեն չարաշահում ենք Վրաստանը. «Անընդհատ Վրաստան, Վրաստան: Մենք էլ մրցակցային առավելություններ ունենք: Եկեք դրանց մասին խոսենք»: Նախարարի կարծիքով` ծովային երկրի հետ համեմատությունը ճիշտ չէ:
Վ.Այվազյանը հստակեցրեց, որ խոսում է ծառայությունների գների մասին: Նա նշեց, որ այնպես չի, որ ժամանակին Հայաստանը զիջել է Վրաստանին տուրիզմի մասով, իսկ այսօր 6 անգամ տարբերություն կա. «Ոչ մի անգամ նման տարբերություն չի եղել: Թե չէ` ծով, ծով: Ձմեռն ի՞նչ ծով»: