Արծվիկ Մինասյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վիճեցին
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը վիճեցին: Խ.Քոքոբելյանը հայտարարեց, որ բաց երկնքի քաղաքականությունն իմիտացիա էր` լղոզելու և ավիացիայի քայքայումը կոծկելու համար, դրա հետևանքով ավիատոմսերը թանկացան, խոշոր ավիաընկերությունները հեռացան Հայաստանից, ռուսական ընկերությունների իրականացրած դեմպինգի պատճառով շատ չվերթներ հանվեցին, և այժմ Վրաստանից ու Հայաստանից գների էական տարբերություն կա. «Ձեր բարեկամների մեջ էլ կլինեն մարդիկ, որ ավտոմեքենայով մեկնում են Վրաստան ու այնտեղից մեկնում Եվրոպա»:
«Ես հասկանում եմ, որ որպես ընդդիմադիր՝ Դուք պետք է ամեն ինչ ավերվածության ներքո ներկայացնեք, ես ինքս ընդդիմադիր եմ եղել: Մի քիչ չափելի գնահատականներ տվեք, ավերվածության չափման քանակը ո՞րն է»,- վրդովվեց Ա.Մինասյանը` հավելելով, որ բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո ՀՀ-ում փոխադրողների թիվն ավելացել է, սպասվում է ավելի խոշոր ընկերության մուտք, որ մրցակից կլինի ռուսական ավիաընկերությունների համար:
Նա նշեց, որ շատ լուրջ անելիք կա, բայց Երևան-Թբիլիսի-Բաքու օդանավակայանների շարքում մեկ օդանավի հաշվով գների առումով Հայաստանն ունի առավելություն: Ա.Մինասյանը պատգամավորին մեղադրեց առանց թվերին տիրապետելու քննադատության մեջ:
«Դուք չեք որոշելու իմ տեղեկացվածությունը»,- հակադարձեց Խ.Քոքոբելյանը:
«Դուք իրար հետ ավելի շատ ընդդիմություն եք եղել, քան մենք դիմություն»,- նկատեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` խնդրելով հանգիստ քննարկել:
Ա.Մինասյանը խոստացավ այսօր իսկ ներկայացնել թվային ցուցանիշներ, թե ավիացիայում ինչ է կատարվում:
Խ.Քոքոբելյանը նշեց, որ ավերվածություն ասելով ի նկատի ունի, որ Վրաստանից թռիչքները ավելի էժան են եվրոպական ուղղություններով. «Ամենաեկամտաբեր ճյուղը դարձել է անեկամտաբեր»:
Վ.Այվազյանը ստեղծված իրավիճակի համար «մեղադրեց» Ա.Մինայանին, որ եկել է հանձնաժողովի նիստին և անձամբ է պատասխաններ տալիս. «Եթե մյուս նախարարների նման Դուք էլ չգայիք, կպրծներ գնար: Տեսնում եք ինչ լավ ա, ոչ գալիս են, ոչ պատասխան են տալիս»: