
Մահացել է Մհեր Դավոյանը

Մահացել է գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը: Նկարիչ Արտակ Բաղդասարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ Մհերը առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր. «Երեկ վիճակը կտրուկ վատացավ, բժիշկները շտապ վիրահատություն կատարեցին, սակայն դա չօգնեց»:
Մհեր Դավոյանն ավարտել ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետը: Նա «Մունետիկ», «Նորաթերթ» թերթերի, «Քաղաք» ամսագրի հիմնադիր-խմբագիրն էր: Մհեր Դավոյանը որպես խմբագիր աշխատել է «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդեսում, ինչպես նաև «Ճամփոդ» ամսագրում: «Մի քանի փայլուն պատմվածքների ու էսսեների հեղինակ է: Ես կառանձնացնեի «Կարմիր խնձորներ` Օ Հենրիի հիշատակին» ստեղծագործությունը: Նրա մի քանի ստեղծագործություններ հրատարակվել են «Անդին» հանդեսում: Ինչ վերաբերում է նրա մարդկային որակներին, հիմա ինձ դժվար է Մհեր Դավոյանի մասին որևէ բան ասելը: Միայն կարող եմ ասել, որ իրեն բնորոշելու համար դրական իմաստով ցանկացած բառ կարող եք ընտրել, բայց այն ներկայացնելով գերադրական աստիճանով»,- ասել է Արտակ Բաղդասարյանը:
168.am-ը ցավակցում է Մհեր Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: