Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ հարկային օրենսգիրքը վերաքննարկումների կարիք ունի
Հարկային օրենսգիրքը մշակվում է ՀՀ կառավարության կողմից, և կառավարությունը հանդես է գալիս որպես միասնական մարմին: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` ՀՕ-ում որոշակի տոկոսադրույքի բարձրացում կա, մասնավորապես` շահաբաժինների մասով։ Ա.Մինասյանը նշեց, որ շահութահարկն ու եկամտահարկը իրարից էական տարբերվում են և, եթե շահույթը չի հարկվում, ձեռնարկություններին ձեռնտու է աշխատողներին բարձր եկամուտներ վճարել. «Խնդիրը ոչ թե տոկոսադրույքների մեծ ու փոքր լինելու մեջ է, այլ հավասար վերաբերմունքի»:
Նախարարը նշեց, որ հարկային նոր օրենսգիրքը տնտեսական աճին նպաստելու տեսակետից կարիք կա վերաքննարկումների:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պայմանավորված է հարկային օրենսգրքով և չպետք է հարկային մարմինը մշակի այն, նրանք պետք է միայն որպես փորձագետ հանդես գան. «ՀՕ-ն որպես կանոն մի խնդիր պետք է լուծի` հարկերի իջեցում, զուգահեռ բյուջեի ավելացում: Քաղաքացուն ուրիշ բան չպետք է հետաքրքրի: Գաղտնիք չի, որ հարկեր կան, որ իջեցնում, կարգավորում ես, բյուջեն ավելանում է»: Պատգամավորի խոսքով` ՀՕ հետ կապված էկոնոմիկայի նախարարոթյունը լուծելու մեծ խնդիր չունի, քանի որ միջազգային լավ փորձ կա: