Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ և նշել, որ այն նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն է և արդեն առավել հեռանկարային խնդիրներ են հուզելու բոլորին: Տարիներ ի վեր Արցախում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը կարևորելով, կառավարության ղեկավարը նշել է.

«Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն»:

Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին շարունակական աջակցության համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարևորել է հայ բարեգործների պարբերական այցելությունները Արցախ` հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Նա հիմնադրամի ներկայացուցիչների անունից Արցախին միշտ աջակցելու և հայրենանպաստ ծրագրերի իրագործման պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին ներկաները իրենց մտահոգություններն են արտահայտել և տարբեր հարցեր ուղղել կառավարության ղեկավարին: Ա. Հարությունյանը պարզաբանումներ է տվել հնչած հարցերին:
Հանդիպմանը ներկա էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի ծրագրերի համակարգող Վալերի Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս