Ինչու է Գարեգին Նժդեհը Պետրոս Առաջինի սանրվածքով. քաղաքաշինության նախարարի վարկածը
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարծում է՝ վերջերս տեղադրված Համազասպ Բաբաջանյանի արձանն ունի որոշակի թերություններ:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը նշեց՝ ինքը ողջունում է, որ մարշալը ձիով ու զենք ու զրահով չէ. «Լավ է, որ նստած է, բայց չգիտեմ՝ ինչու է նստած աթոռի վրա, ոչ թե, ենթադրենք, քարի վրա»:
Անդրադառնալով կրկին վերջերս տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված քննադատություններին և մեկնաբանություններին՝ նախարարն ասաց, որ արձանի ընտրության մրցույթն անցկացվեց այն ժամանակ, երբ ինքը քաղաքի գլխավոր ճարտարապետն էր:
«Նժդեհի արձանի համար ներկայացված էր 10-11 աշխատանք, ընտրվեց 5 աշխատանք, որից հետո նորից գաղտնի քվերակությամբ ընտրվեց սա՝ Գագիկ Ստեփանյանի աշխատանքը: Ինչո՞ւ սա ընտրվեց, որովհետև մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կա՛մ ձիով, կա՛մ թրով, կա՛մ զենք ու զրահով և այլն: Մենք ընտրեցինք այս աշխատանքը, որը հետագայում, իհարկե, որոշակի ձևափոխումներ ունեցավ»,-նշեց Ն. Սարգսյանը:
Դիտարկմանը, թե այստեղ էլ Պետրոս Առաջինի մազերով է, նախարարը պարզաբանեց, որ գուցե դա նրանից է, որ քանդակագործը Պիտերում է (Սանկտ-Պետերբուրգ) սովորել:
«Քանդակագործների վիճակն ընդհանրապես շատ ծանր է, որովհետև Խորհրդային ժամանակներում կար գեղարվեստի ֆոնդ, հատկացումներ, նրանք բոլոն աշխատանքով ապահովված էին, հիմա այս մարդիկ մի տեսակ բախտի քմահաճույքին են»,-նշեց նախարարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: