
Տեխասում հեղեղումները վեց մարդու կյանք են խլել. Associated Press

ԱՄՆ-ի Տեխասի նահանգում վեց մարդ է զոհվել տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Օսթին առողջարանային քաղաքի մերձակա Թրեւիս օկրուգում հայտնաբերվել է մի կնոջ մարմին, որն անհայտ կորել էր մայիսի 29-ի կեսօրից հետո: Մեկ այլ զոհի մարմին փրկարար ուղղաթիռի անձնակազմը հայտնաբերել էր նույն Օսթինից ոչ հեռու:
Եվս չորս մարդու զոհվելը հաստատել են Վաշինգտոնի օկրուգի իշխանությունները:
Վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ-ի կենտրոնական մասում տեղացած հորդառատ անձրեւները ընդգրկուն հեղեղումներ են առաջացրել:
Մի քանի տոռնադոներ հարյուրավոր տներ են վնասել Տեխասի եւ Կանզասի նահանգներում, ինչպես նաեւ հանգեցրել էլեկտրաէներգիայի համատարած անջատումների: Առավել ծանր վիճակ է ստեղծվել Տեխասում, որտեղ օկրուգներից մեկում ավելի քան 400 միլիմետր տեղումներ են գրանցվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` Reuters