Զինծառայողը վաղաժամկետ զորացրվել է. բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Մարտունու զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես բժիշկ-սրտաբան, ընդգրկված բուժաշխատողը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Վ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով «Մարտունու բժշկական կենտրոնում» և ընդգրկված լինելով Մարտունու զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես բժիշկ-սրտաբան, օժտված լինելով ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների սրտի հետազոտություն կատարելու իրավասությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ, 26.03.2015թ. կատարել է պաշտոնեական անփութություն, այն է՝ զորակոչի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակչի սրտի հետազոտություն կատարելիս, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները՝ երկու օրվա մեջ էլեկտրասրտագրության երկու տարբեր արդյունքներ ստանալով՝ երիտասարդին չի ուղարկել նեղ մասնագիտական հետազոտման, որի արդյունքում չի հայտնաբերել նրա մոտ առկա սրտի հիվանդությունը, այլ տվել է սահմանափակումով զինծառայությանը պիտանի լինելու վերաբերյալ իրավաբանական փաստի ուժ ունեցող եզրակացություն, ինչի հիման վրա նա ճանաչվել է զինծառայությանը պիտանի սահմանափակումով և զորակոչվել է ՀՀ ԶՈՒ:

Ըստ մեղադրանքի՝ սակայն, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ուղեգրով կատարված Հոլտեր-մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ զինակոչիկի մոտ հայտնաբերվել է սրտի հիվանդություն, նա ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական անփութության հետևանքով խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների գործունեության բնականոն ընթացքը, հեղինակազրկվել են զորակոչման գործառույթներ իրականացնող զինվորական մարմինները, ինչով պետության և հասարակության շահերին պատճառվել է էական վնաս, իսկ երիտասարդը ներգրավվել է ռազմաիրավական հարաբերությունների մեջ, որով անզգուշությամբ ոտնահարվել են նրա սահմանադրական իրավունքները:

Կարդացեք նաև

Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Յուրիկ Իսկոյանին:

Տեսանյութեր

Լրահոս