«Ապրիլի 2-ի գիշերը 3:45 րոպեին, քնածս տեղը, Գրիգորի՝ օգնություն կանչող ձայնը լսեցի» Պատմում է Արցախում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը

Արցախում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանը ծառայում էր Ջեբրաիլում։ 19-ամյա զինծառայողը մոր հետ վերջին անգամ խոսել էր մարտի 31-ին, ինչից հետո մի քանի օր Գրիգորից լուր չի եղել։ Գրիգորը դիպուկահար էր։ Մայրը՝ տիկին Անահիտը, պատմում է, որ որդին ծառայությունից երբեք չի դժգոհել, սիրել է դիրքեր բարձրանալ։

«Մա՛մ ջան, լավ սովորեմ, որ գոնե մի երեք թուրք խփեմ, նոր գամ»

Գրիգորը 6 տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։ «Ես իրենց համար և՛ հայր, և՛ մայր եղա։ Գրիգորս շատ խելոք, համեստ, խելացի երեխա էր։ Շատ էր սիրում նկարչությամբ զբաղվել, բոքս էր սիրում, ֆուտբոլ։ Էլեկտրական լարերի հետ խաղալ էր սիրում։ Մեծացավ, դպրոց գնաց։ Խելացի էր, հումորով։ Ինչ էլ երեխաներն ասում էին Գրիգորին, չէր մերժում։ Այդպես էր թե՛ դպրոցում, թե՛ ընկերների, թե՛ հարևանության միջավայրում։

Grigor Harutyunyan (2) Grigor Harutyunyan (3)

Ուրիշ ձևի երեխա էր։ Կարծես այս դարից չլիներ։ Անընդհատ ուզում էր օգնել ինձ։ Խոհարարություն էր սիրում։ Հետո, երբ պայմաններս վատացան, հիվանդացա, 9-րդ դասարանը թողեց, մտավ աշխատանքի։ Ես իրեն քոլեջ տվեցի, ընտրեց վարսահարդարությունը։ Աշխատեց մինչև ծառայության գնալը։ Մանկական երկաթուղում հսկիչ էր աշխատում, դրա հետ մեկտեղ՝ գնում էր կահույքի, վերանորոգման գործ սովորելու։

Տան սպիտակ պատն ինքը սկսեց ներկել՝ տեսներ՝ կարո՞ղ է, թե՞ ոչ։ Որոշեց՝ ծառայությունն ավարտելուց հետո ամբողջ տունը վերանորոգի։ Եղբորը չէր թողնում դպրոցից դուրս գալ։ Եղբայրը ֆուտբոլիստ է։ Ուզում էր, որ եղբայրը ֆուտբոլի գծով մինչև վերջ գնա։ Եղբորն ամեն ինչից ետ էր պահում, միայն թե ինքն աշխատեր, ինձ օգներ»։

Grigor Harutyunyan (7)

Grigor Harutyunyan (1)

2015թ. հուլիսի 26-ին Գրիգորը զորակոչվել է բանակ։ Տիկին Անահիտի խոսքով՝ Գրիգորը շատ լավ տրամադրություն ուներ. «Արտասուքս չէի կարողանում զսպել։ Զայրանում էր, ասում էր՝ մա՛մ ջան, գնամ, շուտ ետ գամ, տարիներն այնպես կթռչեն, չես զգա։ Ուրախ-զվարթ գնաց։ Ղարաբաղ ընկավ, ես նեղվեցի, բայց ինքն ուրախ էր։ Ասաց՝ նա էլ է իմ հայրենիքը, սա էլ։ Չէի համակերպվում, որ Ղարաբաղում էր ծառայում։ Ինքս էլ զորամասում էի աշխատում, ուզում էի՝ մոտ վայրում ծառայի, բայց Գրիգորը չցանկացավ, հրաժարվեց։ Ինքն այնտեղ ընտելացել էր։ Ասաց՝ ես իմ ընկերներին չեմ թողնի, գամ այդտեղ։ Հետո իմացա, որ դիպուկահար է։ Ավելի ուրախ էր, մանավանդ, երբ դիրքեր էին բարձրանում։ Չէր ուզում դիրքերից իջնել»։

Grigor Harutyunyan (9) Grigor Harutyunyan (8)

Տիկին Անահիտը հիշում է, որ, երբ դեկտեմբերին որդին արձակուրդ է եկել, կրկին բարձր տրամադրություն է ունեցել, միայն լավ բաներ պատմել. «Արձակուրդ եկավ, ասաց՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, դիպուկահար եմ, ուզում եմ լավ սովորել։ Մրցումների գնալիս՝ ուզում էր միշտ առաջին տեղը գրավել։ Ասում էր՝ մա՛մ ջան, լավ սովորեմ, որ գոնե մի երեք թուրք խփեմ, նոր գամ։ Իր ուզածն արեց»։ Տիկին Անահիտն ասում է՝ որդին ծառայության ընթացքում երբեք չի ընկճվել. «Ասում էր՝ մա՛մ ջան, շատ լավ է անցնում, ես դժգոհ չեմ»։ Գրիգորի ծառայությունը հանգիստ էր անցել, այդ ընթացքում նաև փոխվել էր. «Կարծես տղամարդ դարձած լիներ։ Շատ համարձակ էր։ Զորամասում էի ծառայում, տեսել եմ երեխաներին։ Հարցնում էի, Գրիգորը միշտ, ժպիտը դեմքին, ասում էր՝ շատ լավ է։ Ամեն ինչից գոհ էր, դժգոհություն չկար։ Դիրք բարձրանալուց էլ չէր դժգոհում։ Ընդհակառակը, ուզում էր շուտ-շուտ դիրք բարձրանալ»։

«Այսպես չպիտի լիներ»

Վերջին անգամ Գրիգորը մայրիկի հետ խոսել էր մարտի 31-ին. «Ասաց՝ մա՛մ ջան, երբ բարձրանում ենք դիրքեր, գիտես, որ առաջին օրը հնարավոր է՝ չկարողանամ զանգել, բայց երկրորդ օրը կզանգեմ։ Առաջին օրը չզանգեց։ Ապրիլի 2-ին՝ գիշերը 3։45 րոպեին, քնածս տեղը, Գրիգորի՝ օգնություն կանչող ձայնը լսեցի։ Վեր թռա, ասացի՝ այս ի՞նչ էր։ Եղբայրը համակարգչի մոտ էր նստած, ասացի՝ եղբայրդ օգնություն էր կանչում։ Մարմնովս սարսուռ անցավ։ Չկարողացա լուսացնել։ Առավոտյան լուսաբացին սրճում էինք հարևանուհուս տանը։ Նրան պատմեցի, որ Գրիգորի ձայնն եմ լսել։ Ասաց՝ Անահի՛տ, վե՛րջ տուր, հնարավոր է՝ քեզ թվացել է։ Այդ խոսակցության ընթացքում իրենց ժամացույցը կանգնեց։ Այդ ժամանակ շատ վատ զգացի ինձ, մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ։ Ապրիլի 3-ը, 4-ն անցան, Գրիգորից լուր չունեցա։ Վախեցա, կամավորագրվեցի, որ գնամ իր մոտ, զինվորներին, իրեն ուժ տամ, բայց հետո իմացա, որ Ստեփանակերտից էլ չեն թողնում կամավորները գնան։ Ինձ ասացին՝ թող մնա մյուս անգամ։ Մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ, այնինչ երևի իմացել էին, չէին ուզում ինձ ասել։

Grigor Harutyunyan (6)

Ապրիլի 4-ից ես արդեն անհանգստացա, սկսեցի նախարարություն, զինկոմիսարիատ զանգել։ Բոլորն ասում էին՝ քո երեխայից վատ լուր չկա, լավ կլինի, հնարավոր է՝ կապ չկա, երեխան դիրքերից կիջնի, կզանգի։ Ապրիլի 9-ին ես կապվեցի իր նախկին վաշտի կապիտանի հետ, ասացի՝ եթե խնդրեմ, կարո՞ղ եք ինչ-որ լուր իմանալ Գրիգորից։ Ասաց՝ տանը տղամարդ չկա՞, տվեք իրեն։ Երբ այդ բառն ասաց, անհանգստացա։ Ասացի՝ դուք գիտեք, որ Գրիգորը հայր չունի, ինչ պետք է՝ ինձ ասեք։ Ասաց՝ չէ՛։ Ես քեռուս խնդրեցի, որ զանգահարի այդ կապիտանին, ով նրան ասել էր, որ 18 կորածների մեջ է։ Քեռիս ինձ չասաց։

Հետո կապվեցին իր հետ ծառայած տղաներից մեկի հետ, խնդրեցին, որ հրամանատարից մի լուր իմանա։ Երեխան հրամանատարի հետ կապվել էր, միգուցե մտածել էր՝ ինձ բարեկամ է, նրան էլ էին խաբել, ասել էին՝ իր մորն ասեք՝ շաբաթ-կիրակի է գալիս, մի քանի օրից դիրքերից կիջնի, տղայից լուր կիմանա։ Շաբաթ-կիրակին անցավ, երկուշաբթի տղայիս լուրը բերեցին»։

Տիկին Անահիտի խոսքով՝ որդու զոհվելու հանգամանքների մասին իրեն տեղեկություններ հայտնի չեն. «Միայն կողքից լսել եմ, որ վերջին րոպեներին երեխաները բահերով ու քարերով են հարձակվել։ Գրիգորը վիրավոր է եղել»։

Grigor Harutyunyan (4)

Խոսելով որդու ծրագրերի մասին՝ տիկին Անահիտն ասում է՝ որդին որոշել էր բանակից զորացրվելուց հետո «բիստրո» վերցնել, որպեսզի միասին աշխատեցնեն։ «Ես իրեն ասացի, որ վարսահարդարություն սովորելն ավարտի, ես իրեն խոհարարություն կսովորեցնեմ։ Ասում էր՝ մա՛մ ջան, և՛ վարսահարդարություն կանեմ, և՛ «բիստրո» վերցնենք, միասին կաշխատենք, տունը կվերանորոգենք, կամուսնանամ, ավտոմեքենա կունենամ, եղբորս էլ մի ավտոմեքենա կգնեմ։ Ու հիմա կարծես իր արյան գնով այդ ամենը ստեղծվում է։ Ինքս էլ ուզում եմ կատարել իր բոլոր երազանքները»,- ասում է Գրիգորի մայրը։ Նրա խոսքով՝ որդին ուժեղ էր, համարձակ. «Ինչքան իրեն ասում էի՝ ոչնչից չես վախենում, ասում էր՝ մա՛մ, դու կին ես, մայր, զինվոր, այդքան համարձակ, ես էլ քեզ պես համարձակ պիտի լինեմ։ Ամեն անգամ այդ խոսքն ասում էր»։

Զինծառայողի մոր խոսքով՝ երբ որդին արձակուրդ էր եկել, իր նկարած եկեղեցին էր բերել՝ երեք գմբեթով. «Անընդհատ մտածում եմ, թե ինչու է այդ երեք գմբեթը նկարել։ Հիմա, երբ մտածում եմ, հավանաբար այդ երեք գմբեթներն իր ընկերներն են՝ Ադամը, ինքն ու Բագրատը։

Grigor Harutyunyan (5)

Դեկտեմբերին բերեց, ասաց՝ կպահես, որ վերադառնամ, ավելի մեծ նկարեմ, շրջանակի մեջ դնեմ»։ «Ինքը շատ լավ երեխա էր, այսպես չպիտի լիներ։ Մանկությունը դժվար էր, դժվար մեծացավ։ Ամեն դժվարություն հաղթահարում էր։ Երբեք չէր ընկճվում։ Միշտ քչով էր բավարարվում։ Երբեք դժգոհություն չէր հայտնում»,- եզրափակում է Գրիգորի մայրը։

Grigor Harutyunyan (10)

Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Գրիգոր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Տեսանյութեր

Լրահոս