Ի՞նչն է ցանկանում փոխել Լևոն Մկրտչյանը
«Մենք ուզում ենք արմատական փոփոխություն լինի, և այդ անվճար տեղերի գումարի 60 տոկոսը տրամադրվի սոցիալապես անապահով երեխաներին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն ասում էր՝ «պետք է քննությունները վերացնելու ճանապարհով գնանք»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կիսո՞ւմ է ներկայիս նախարարն Արմեն Աշոտյանի այդ տեսակետը: Ի պատասխան՝ Լ. Մկրտչյանն ասաց. «Խնդիրն այն է, որ մենք կարողանանք իրարից տարանջատել երեք բան, որ այսօր միավորված է քննություն ասվածի տակ՝ բուն քննությունը, մրցույթը և պետական պատվերը: Այսօր բոլորն իրար հետ միախառնված են, ու ստացվում է այս մեծ հարցը»:
Նախարարը նշեց, որ ցանկանում են արմատական փոփոխություններ իրականացնել. «Եվ այդ անվճար տեղերի գումարի 60 տոկոսը տրամադրել սոցիալապես անապահով երեխաներին՝ ոչ թե գիտելիքի միավորով: Այդ ժամանակ հնարավորություն կլինի՝ 13,14, 15 միավոր ստացած երեխան ներկայացնի, որ ինքը սոցիալապես անապահով շերտ է, և ստանա իր անվճար կրթությունը: Մի ուրիշ սեգմենտ կլինի անվճարի, որ նա պայմանագիր ստորագրի, գնա սահմանային շրջաններում աշխատի, կամ, որ պարտավորվի բանակային ծառայությունն ավելի երկարատև անցնի: Այդ բոլորը կբերեն անվճար համակարգի ավելի արդարացի բաշխման»: