«Հայկական կողմը կարող է վիճարկել, որ սպառնալիքի տակ չի կարող որևէ համաձայնագիր ստորագրել». Լիլիթ Գևորգյան

«Ադրբեջանը, գոտեպնդված ապրիլյան պատերազմում իր հաջողություններով, կշարունակի պնդել ամեն կերպ, այդ թվում՝ նաև պատերազմով, իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներին ու հունիսին կայանալիք հանդիպմանը:

Լիլիթ Գևորգյանը նշեց, որ Մինսկի խումբը կարողացավ կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը հաջողություն էր Մինսկի խմբի համար: Ըստ նրա, հստակ է, որ հատկապես ԱՄՆ-ը հետամուտ է անվտանգության համակարգի հաստատմանը, ինչպես երևաց Բայդենի զանգից և Ադրբեջանի վերախմբագրված պատասխանից, որով Բաքուն համաձայնում է այդ համակարգի հաստատմանը:

«Բայց Ադրբեջանը նման համակարգին, թերևս, իսկապես կհամաձայնի այն պայմանով, որ հայկական կողմը համաձայնի ռուսական Կազանի` փուլ առ փուլ գործարքին, որով հայկական կողմը պետք է իր հսկողության տակ գտնվող հինգ շրջանները հանձնի Բաքվին, իսկ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվի, թեև դրա ժամկետները մնում են անորոշ:

Ադրբեջանը նաև հետամուտ է, որ լինի հստակ ժամանակացույց այս շրջանները վերցնելու համար: Հունիսին կայանալիք բանակցություններում հայկական կողմից, թերևս, սա կպահանջեն: Հայկական կողմի խնդիրն այն է, որ 2011-ին համաձայնել է իր համար վատ պայմաններով լուծման տարբերակին՝ առանց հանրային քննարկման: Կարծես ապրիլի պատերազմից հետո ՀՀ նախագահ Սարգսյանը փորձեց հող պատրաստել դրանցից հրաժարվելու համար, բայց չհամարձակվեց դա բացահայտ անել: Թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով Ադրբեջանը շարունակում է ավելի ինքնավստահ և հարձակողական մարտավարություն վարել:

Ունենալով ռուսական աջակցությունը՝ Բաքուն փորձում է առավելագույնս կորզել Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, Մինսկի խմբի թուլությունից, ինչպես նաև՝ Հայաստանի ներկայիս կառավարության ռուսական կախվածությունից, և ՀՀ ներկայիս իշխանությունների՝ լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամությունից, ինչի օրինակներն են՝ Մադրիդի, հետո՝ Կազանի սկզբունքներին համաձայնելը»,- ասաց Գևորգյանը՝ շարունակելով, որ 22 տարվա ընթացքում Ադրբեջանը լավ հագեցված բանակ է ստեղծել, որը Հայաստանին դիվանագիտական լուծումներ պարտադրելու գործառույթ ունի: Նրա համոզմամբ՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանին, որ քանի դեռ ինքն ունի Ռուսաստանի խորհրդավոր լռությունը, ապա կարող է փորձել փաստերը զենքի ուժով Ղարաբաղում փոխել և ստեղծել նոր իրողություններ, որոնք հետո կարող են պարտադրվել հայկական կողմին:

Վերլուծաբանն ասաց, որ հունիսյան հնարավոր հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, հայկական կողմից կպահանջեն համաձայնել լուծման մի փաթեթի, որը հիմնված կլինի Հայաստանի համար անբարենպաստ՝ նախորդ ճանապարհային քարտեզի վրա: Ադրբեջանը, նրա խոսքով, շատ հավանական է, որ կպահանջի հստակ ժամկետներ գոնե հինգ շրջանները ստանալու համար:

Հավանական է, որ Բաքուն պայման դնի, որով կսկսի իրագործել անվտանգության մեխանիզմների օգտագործումը միայն այն դեպքում, երբ հայկական կողմը համաձայնի տարածքներ տալու ժամանակացույցին:

«Պետք է ակնկալել նաև սահմանային գոտում լուրջ լարվածություններ: Ադրբեջանը, գոտեպնդված ապրիլյան պատերազմում իր հաջողություններով, կշարունակի պնդել ամեն կերպ, այդ թվում՝ նաև պատերազմով, իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքը: Եթե նախկինում նման սպառնալիքներն անտեսվում էին, ապա ապրիլյան պատերազմից հետո նույնիսկ ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի արտգործնախարարը զգուշացնում է, որ խոշոր պատերազմի վտանգ կա: Սա իրավական խնդիր է առաջացնում Ադրբեջանի համար, քանի որ հայկական կողմը կարող է վիճարկել, որ սպառնալիքի տակ չի կարող որևէ համաձայնագիր ստորագրել: Միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ սպառնալիքի տակ (under duress) ստորագրված համաձայնագրերը կարող են ճանաչվել անվավեր»,- բացատրեց Լիլիթ Գևորգյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս