Կրթական ոլորտում անցած տարի բյուջեի ծախսերը գերազանցել են նախատեսվածը
Կրթական ոլորտում անցած տարի բյուջեի ծախսերը գերազանցել են նախատեսվածը: Ինչպես այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 2015 թ. կրթության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են 122.3 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 100.2% կատարողական: 2014 թվականի համեմատ կրթության բնագավառի ծախսերն աճել են 5.6%-ով կամ շուրջ 6.5 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատ հանրակրթական ուսուցման ծախսերն աճել են 4.4%-ով:
Ըստ Ջանջուղազյանի` հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացմանն անցած տարի պետբյուջեից տրամադրվել է 30.4 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսված ծախսերի 100.4%-ը: 2014թ. համեմատ ոլորտի ծախսերի 42%-ով աճը հիմնականում պայմանավորված է արվեստի և հեռուստառադիոհաղորդումների ծախսերի աճով: Հաշվետու տարվա ընթացքում հանգստի և սպորտի ծառայություններին տրամադրվել է շուրջ 1.8 մլրդ դրամ` 97.7%-ով ապահովելով տարեկան ծրագիրը:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում միայն 13 հազար մարդ է զբաղվում սպորտով: Նա կարևորեց, որ հնարավորինս մասսայականացվի սպորտը, որովհետև գալիք հաջողությունների գաղտնիքը հենց մասսայականացման մեջ է:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ իրականում այդ վիճակագրական տվյալները մի քիչ հնացած են: Նրա խոսքով` միջգերատեսչական հանձնաժողվն այժմ զբաղվում է այդ խնդրով, նաև զբաղվում են մարզադպրոցների իրավիճակով` մարզագույքից մինչև շինարարություն, նաև դպրոցների մարզադահլիճներով, և իրական պատկերը կերևա առաջիկայում: