«Մենք էլ չգիտեինք այդ ֆեդերացիայի գոյության մասին, դա ճի՞շտ է». Սպորտի նախարարը՝ ադրբեջանցիների և հայ մարզիկի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող Քունգ-ֆուի Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայկական ֆեդերացիան անօրինական է ներկայացրել Հայաստանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հիշեցնենք, որ առաջնության ժամանակ լուրջ բախում էր տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ անցած մենամարտի վերջնամասում Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել էր հարվածել հայ մարզիկին, որի վրա թիկունքից հարձակվել էր նաև ռինգում գտնվող նրա ադրբեջանցի մրցակիցը: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել էին Հայաստանի հավաքականի անդամների վրա:

Անդրադառնալով միջադեպին՝ նախարարն ասաց, որ ֆեդերացիան, որը գործում է ՀՀ-ում, գրանցված չէ միջազգային ֆեդերացիայում. «Բնականաբար, մենք տեղյակ էինք՝ ինչ է կատարվել Ուկրաինայում, և աշխատել ենք մեր քաղաքացիների անվտանգությունը պահպանել, դա մեր համար մեկ խնդիրն էր, իսկ երկրորդ քայլն արդեն այդ ֆեդերացիայի հետ ճանաչման խնդիրը պետք է լինի: Պետք է հստակեցվի ամեն ինչ, մենք նաև շուտով Արդարադատության նախարարության հետ կպատրաստենք մի նախագիծ, որպեսզի ՀՀ-ում գործող այդ ֆեդերացիաները լիցենզավորվեն, որ նման դեպքերից մենք խուսափենք»:

Հարցին, թե ստացվում է՝ նման դեպքերում մենք լծակ չունե՞նք ազդելու, նախարարը պատասխանեց, որ կան լծակներ այնքանով, որքանով նրանք մեր քաղաքացիներն են. Բայց պատկերացրեք՝ մենք էլ չգիտեինք այդ ֆեդերացիայի գոյության մասին, դա ճի՞շտ է, ես կարծում եմ՝ ոչ: Այդ լիցենզավորման հարցը մենք շուտով կլուծենք: Յուրաքանչյուր թիմ, որը գնում է արտերկիր, ինքը ներկայացնում է ՀՀ-ն, ու մենք չենք կարող թույլ տալ, որ ով ուզում է՝ գնա ՀՀ-ի անունից և հանդես գա այնտեղ, դա ճիշտ չէ, այ դա արդեն կարգավորվելու է»:

Լրագրողի ճշտող հարցին, թեե այսինքն՝ այդ ֆեդերացիան անօրինակա՞ն է ներկայացրել Հայաստանը, նախարարն այսպես պատասխանեց. «Այո, որպես հասարակական կազմակերպություն, բայց ոչ՝ մարզական հասարակական կազմակերպություն, որի մասին մենք տեղյակ ենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս