Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն Ադրբեջանն ու Հայաստանը. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն Ադրբեջանն ու Հայաստանը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին, այս մասին, պատասխանելով Ադրբեջանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողների հարցերին, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է հակամարտությունը լուծել 15 կամ 20 րոպեում, սխալվում է: Ռուսաստանը կարող է միայն միջնորդ լինել: Ոչ մի ճնշմամբ կամ պարտադրանքով՝ մեկ կողմի վրա, ցանկալի արդյունքի չես հասնի: Հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, ու այն կարող են ստեղծել միայն ձեր երկրները»,- ընդգծել է դեսպանը:
Ռուս դիվանագետը հայտարարել է, որ ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տվել, թե որքան վտանգավոր է ստեղծված իրավիճակը:
«Ավելի ակնհայտ դարձավ, որ խելամիտ լուծումը միայն մեկն է՝ խաղաղ ճանապարհը: Հակամարտության կողմերն ու միջազգային հանրությունը պետք է դրանից ճիշտ եզրակացություններ անեն: Ռուսաստանը նույնպես իր եզրակացությունները կանի: Ռուսաստանը կընդլայնի միջնորդական ջանքերը»,- ասել է նա: