
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարով արգելել է Գորբաչովի մուտքը երկիր

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելել է 5 տարի ժամկետով մուտք գործել երկիր: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ղրիմի բռնակցման հրապարակային աջակցության համար Միխայիլ Գորբաչովին 5 տարով արգելվում է մուտք գործել Ուկրաինա»,- ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության Twitter-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Sunday Times-ին տված հարցազրույցում աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի հանդեպ գործողություններին:
Նա ասել է, որ Պուտինի տեղը լինելու դեպքում նույն կերպ կվարվեր: «Ես միշտ ժողովրդի կամընտրության կողմնակից եմ, իսկ Ղրիմում մեծ մասը ցանկանում էր միանալ Ռուսաստանին»,- թերթը ներկայացնում է Գորբաչովի խոսքերը:
«Միակ պատճառը, որի դեպքում ես չէի գործի այնպես, ինչպես Պուտինը, եթե դեռ լինեի իշխանության ղեկին, այն է, որ Խորհրդային Միությունը կշարունակեր գոյություն ունենալ, ու Ղրիմը կլիներ դրա մասը»,- խոսքը շարունակել է Գորբաչովը: