ՀՕՊ-ը հակառակորդին ստիպեց հրաժարվել ավիացիայի հետագա կիրառումից
ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ- ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ
Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց դրսևորել են որպես հմուտ մասնագետներ: Բավական է նշել, որ հակառակորդը մարտական գործողությունների սկզբում՝ ապրիլի 2-ից, կորցնելով երկու ուղղաթիռ և տասնյակի հասնող անօդաչու թռչող սարքեր, հրաժարվել է ավիացիայի հետագա կիրառումից: Սա արդեն իսկ խոսուն փաստ է:
Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է շատ կազմակերպված: Մինչև հակառակորդի ավիացիայի կիրառման սկիզբը, ճիշտ գնահատելով հավանական ուղղությունները, ՀՕՊ ուժերը բացազատվել են համապատասխան ուղղություններում և պատրաստ եղել դիմագրավելու հակառակորդի օդուժին:
Բացի այդ, ՀՕՊ զորքին հաջողվել է արագ կողմնորոշվելով՝ մի շարք նորամուծություններ անել, որոնք իրենց լիովին արդարացրել են: Թեև հակառակորդի կիրառած անօդաչու սարքերի, կիրառման մարտավարության և դրանց դեմ պայքարի եղանակների մասին տեղեկություն չենք ունեցել, այնուամնեայնիվ, հաջողվել է մարտական գործողություններին զուգահեռ մշակել և կիրառել ԱԹՍ-երի հայտնաբերման ու խոցման առավել արդյունավետ եղանակներ: Անգամ զորքեր են առաքվել ԱԹՍ-երի խոցման ձևերի ու եղանակների մասին մեթոդական ուղեցույցներ:
Մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` արդեն իսկ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում կբարձրանա մեր հակաօդային պաշտպանության ներուժը: Մասնավորապես, ՀՕՊ զորքերը կհամալրվեն ջերմատեսիլ հետախուզական սարքերով, օպտիկական սարքավորումներով և այլ միջոցներով… Մենք այժմ հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ԱԹՍ-երի՝ այլ զորատեսակների հետ փոխկապակցված կիրառության տեխնոլոգիաներին, ինչի արդյունքում մեր զինուժի ԱԹՍ-երը հնարավորություն կստանան մյուս զորատեսակների հետ համակարգված կիրառվելու, որը շատ ավելի բարդ խնդիրներ կառաջադրի հակառակորդին:
Հատուկ ուզում եմ նշել մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր զինվորների հաշվարկների վճռականությունը, բարձր մարտական ոգին և ամեն գնով հակառակորդին խոցելու մեծ նպատակամղվածությունը: Մարտական գործողությունների ընթացքում առաջնագծում տեսել եմ, թե ինչ նվիրյալներ են աշխատում և ինչ բարձր պատասխանատվությամբ են կատարում առաջադրանքները: Եթե համեմատելու լինեմ 1992-1994 թվականների (այդ տարիներին եղել եմ ՀՕՊ դիվիզիոնի հրամանատար) Արցախյան պատերազմի ընթացքում մեր հաշվարկների պատրաստության աստիճանը, մարտիկների հնարամտությունը և ներկայիս զինվորների ու երիտասարդ սպաների պատրաստությունը, համեմատության եզրեր անգամ չեմ գտնում: Ներկայիս սերունդը բոլոր առումներով գերազանց է: Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ մեր զինծառայողները` զինվորն ու երիտասարդ սպան, անկախության սերնդի ներկայացուցիչներ են: Նրանք ավելի խելացի են, ավելի ինքնավստահ ու քաջ: Նման զինծառայողներ ունեցող բանակն անպարտելի է: Կցանկանայի շատ անուններ նշել, որոնք հերոսաբար կռվեցին, բայց այդ անունները բազմաթիվ են: Կսահմանափակվեմ միայն փաստելով, որ այդ զինծառայողները բոլորն էլ իսկական հերոսներ են:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր
hayzinvor.am