Բաժիններ՝

«Ճանապարհային ոստիկանության խնդիրը կարծես միայն գումարներ հավաքելը լինի». Էդուարդ Հովհաննիսյան

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով՝ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) խնդիրը խախտումները կանխարգելելը պետք է լինի, ոչ թե՝ տուգանելը: Այսօրվա ասուլիսին նա նշեց, որ տպավորությունն այնպիսին է, ասես՝ Ճանապարհային ոստիկանության վրա գումարներ հավաքելու, տուգանելու խնդիր դրված լինի.

«Տեսագրած խախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության որոշումներից ավտովարորդների դժգոհություններն արդարացված են: Նրանց որոշումների 30%-ը խոտան է, և որոշումները կայացնում են պրինտ արած տարբերակով, որտեղ կնիքն էլ է պրինտ արած: Երբ մեզ մոտից վարորդները բողոք են գրում Ոստիկանությանը, բոլոր բողոքները մերժվում են, իսկ նույն բողոքը, երբ ներկայացնում ենք դատարան, վարորդը շահում է: Հետևությունները թողնում եմ ձեզ»:

Նա նշեց, որ դատարանի կայացրած վճիռներից հետո էլ ՃՈ-ն համապատասխան հետևություններ չի անում, ու շարունակում են նույն կերպ տուգանել վարորդներին. «Ամեն մի վթար պարտավոր են ուսումնասիրել, հետևություն անել ու միջոցներ ձեռնարկել իրավախախտումները կանխարգելելու համար, բայց նրանց խնդիրը կարծես միայն գումարներ հավաքելը լինի»:

Անդրադառնալով մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խնդրին, նա նշեց, որ ՃՈ-ն ոչ հավասար մոտեցում է ցուցաբերում վարորդների նկատմամբ. «Այն վարորդը, որը գործարանային լուսաթափանցելիութամբ հողմապակիով մեքենա ունի, և այն վարորդը, որը հողմապակին թաղանթապատել է նույն սահմանված լուսաթափանցելիությամբ, հայտնվում են անհավասար վիճակում: Գործարանային մգեցվածության դեպքում չեն տուգանում, իսկ թաղանթապատված հողմապակու դեպքում տուգանում են: Տարբեր տեղեր դիմել եմ, սկսած ՃՈ-ից՝ մինչև վարչապետ, մարդու իրավունքների պաշտպան, սակայն ասում են, թե ամեն ինչ օրենքով է արվում: Այստեղ իրավական հակասություն կա, քանի որ կառավարության որոշումը թույլատրում է թաղանթապատումը, իսկ իրենք ասում են՝ ոչ: Երբ օրենքն ընդունել են՝ ոչ մի հիմնավորում չեն գրել այդ հոդվածի վերաբերյալ: Բա կառավարության որոշումն ո՞ւր դնենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս