Բաժիններ՝

Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Ուկրաինայի նախագահ

Ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել է, թե պատրաստ է ղեկավարել Ուկրաինան, եթե ժողովուրդը իրեն աջակցի, հայտնում է RIA Novosti-ն:

«Ուկրաինացինե´ր, եթե ձեզ հարկավոր է, որ ես լինեմ նախագահ, լավ, կլինեմ նախագահ: Ես պարզապես դեռ չեմ հավատում, որ մեզ մոտ մարդիկ արդեն սովորել են քվեարկել ոչ հնդկաձավարի համար: Ես, անկեղծ ասած, չեմ ասի, թե ինչ եմ ուզում, սակայն, եթե անհրաժեշտ է, կանեմ ամեն ինչ, կանցնեմ նաև այդ ճանապարհը»,- հայտարարել է Սավչենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում էր շնորհել Սավչենկոյին: Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաներել էր Ուկրաինայում ավելի վաղ ազատազրկման դատապարտված ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին, ովքեր ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ էին:

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող Սավչենկոյին մեղավոր էր ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման: Դատական գործընթացն սկսվել էր անցած տարվա սեպտեմբերի 22-ին: Սավչենկոն գրեթե երկու տարի էր, ինչ Ռուսաստանում ազատազրկված էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս