
«Անկախությունից ի վեր՝ Ադրբեջանը ԵՄ-ից ստացել է 580 միլիոն եվրո». Մալենա Մարդ

Այս տարի նշվում է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության 25-ամյակը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը` հանդես գալով Եվրամիության կողմից իրականացվող «Ադրբեջանում ինստիտուցիոնալ շինարարության ոլորտում գործունեության աջակցություն» (SİBA) նախագծի շրջանակում անցկացված համաժողովում:
Մարդը նշել է, որ երկու կողմերն էլ ձգտում են ապագայում համագործակցությունը դարձնել երկկողմանի շահավետ:
«Ադրբեջանի և Եվրամիության միջև հաստատվել է ամուր համագործակցություն քաղաքական և տնտեսական ոլորտներում: Ադրբեջանի պետական կառույցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «twinning» նախագծերի նկատմամբ: Ադրբեջանում իրականացվել է նման 43 նախագիծ: Այդ ցուցանիշներով Ադրբեջանը զիջում է միայն Ուկրաինային: Անկախություն ձեռք բերելուց ի վեր Ադրբեջանը ԵՄ-ից ստացել է 580 միլիոն եվրո: Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գոյություն ունի ամուր համագործակցություն բազմաթիվ ոլորտներում: Ապագայում մեզ սպասվում են ավելի մեծ թվով նախագծերի իրականացնում»,- հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարը: