
Ճապոնիայի վարչապետը նախազգուշացրել է նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն G7-ի գագաթաժողովի արդյունքով հայտարարել է նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք նկատում ենք նոր ճգնաժամի հնարավոր ռիսկեր: Ամպեր են կուտակվում զարգացող տնտեսությունների գլխին»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Աբեի խոսքով՝ վտանգ են ներկայացնում հատկապես մակրոտնտեսական ցուցանիշներն ու չինական տնտեսության առանձին ոլորտներում առաջացած խնդիրները:
Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրներն ընդունել էին համատեղ հայտարարություն՝ արագ լուծելու Ճապոնիայի և Եվրամիության միջև ազատ առևտրի և տնտեսական համագործակցության հարցը (Japan-EU EPA/FTA): Սինձո Աբեն հայտարարել էր, որ դա «օգուտ կբերի ոչ միայն Ճապոնիային և Եվրամիությանը, այլև ողջ համաշխարհային տնտեսությանը»:
Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը երեկ մեկնարկել է Ճապոնիայում: Գագաթաժողովին, որը նախագահում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, մասնակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Ճապոնիա են մեկնել նաև Եվրոպական խորհրդի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: