
G7-ի երկրները համաձայնել են հունիսին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

G7-ի երկրները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի հարցով «Յոթնյակը» համաձայնել է հունիսին երկարաձգել պատժամիջոցները»,- ասել է Քեմերոնը Ճապոնիայում՝ G7-ի գագաթաժողովի շրջանակում հանդես գալով մամուլի ասուլիսով:
Բրիտանացի քաղաքական գործիչը նշել է, որ սահմանափակումները կշարունակվեն մինչև Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործումը:
Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» մասնակիցները հրապարակել էին համատեղ հռչակագիր, որում մասնավորապես ասվում էր Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ, G7-ի երկրերը հաստատել են Մոսկվայի հետ երկխոսության կարևորությունը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով:
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ամենամյա հանդիպումն անցկացվում է Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայի Իսե-Սիմա շրջանում՝ Տոկիոյից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա:
Գագաթաժողովին, որը նախագահում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, մասնակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Ճապոնիա են մեկնել նաև Եվրոպական խորհրդի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: