
Բաքուն Երևանին մեղադրել է Վիեննայի հանդիպման էությունը խեղաթյուրելու մեջ

Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համափարփակ բանակցությունների, սակայն այդ կարգավորմանը խանգարում է Հայաստանի դիրքորոշումը: Այս մասին երեկ RIA Novosti-իի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:
«Հայկական կողմը կրկին խեղաթյուրում է Վիեննայի հանդիպման էությունը: Բառախաղերի ժամանակը վաղուց անցել է: Վիեննայի հանդիպման արդյունքում առաջ քաշված առաջարկությունները փոխկապակցված են միմյանց հետ: Կրակի դադարեցման ռեժիմի նպատակը համապարփակ և բովանդակային բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որին իր պատրաստակամությունն է հայտնել Ադրբեջանը:
Հակամարտության համապարփակ քաղաքական լուծման հիմնական մասն անթույլատրելի և անհետևողական ստատուս քվոյի փոփոխությունն է ու Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից»,- ասել է Գաջիևը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը կրակի դադարեցում է ցանկանում, պետք է վերջ տա «հայկական օկուպացիային ու ադրբեջանական տարածքներում հայկական զորքերի ներկայությանը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառ է»:
«Հակամարտության լուծման հիմքերը վաղուց հայտնի են: Հայկական կողմը պետք է նախապատրաստի իր ժողովրդին խաղաղության և ճիշտ տեղեկատվություն հաղորդի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Ցավոք, գործով մենք տեսնում ենք հակառակը»,- ասել է Գաջիևը: