«Ամեն ամիս իր գնացած օրը զանգում, հիշեցնում էր՝ մա՛մ, հիշո՞ւմ ես՝ այսօր ինչ օր է. 8-րդ ամսին զանգեց, 9-րդ ամսին լուրն իմացանք»

Արցախում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Բերակչյանը Զինված ուժեր զորակոչվել էր 2015թ. հուլիսի 10-ին։ 2016թ. մարտի 22-ին լրացել է Տիգրանի
19-ամյակը։ Ընտանիքի հետ Տիգրանը վերջին անգամ խոսել է ապրիլի 1-ին։ Մի քանի օր շարունակ Տիգրանից լուր չի եղել։ Նա ծառայել է Ջեբրաիլում։

«Ժիր երեխա է եղել։ Կատակասեր էր, հաշտվել է ամեն ինչի հետ։ Ընկերասեր էր։ Մինչև վերջին օրերն էլ իր ծանոթների հետ միշտ կապ ունեցել է՝ թե դասընկերներ, թե կուրսեցի, թե աշխատանքային ընկեր։ Համակարգիչ է շատ սիրել։ Դպրոցում միջակ է սովորել։ Ընդունակություններ շատ է ունեցել, բայց դրանք չի օգտագործել»,- խոսելով որդու մասին՝ ասում է նրա հայրը՝ Էդուարդը։ «Սիրում էր հումոր անել։ Vitamin ակումբից դրվագներ կար, շատ էր նմանեցնում։ Շատերը նույնիսկ ասում էին, որ ակումբ գնար՝ տղաների մոտ։ Հարմարվում էր ամեն ինչին։ Ինչ դժվարություն լիներ, որտեղ լիներ, ամեն ինչին շատ շուտ համակերպվում էր»,- ասում է հայրը։

Tigran Berakchyan (1)

Դպրոցն ավարտելուց հետո Տիգրանը զորակոչվել է բանակ։ Հոր խոսքով՝ Տիգրանը բանակ է գնացել բարձր տրամադրությամբ.

«Անգամ քրոջս երեխաների հետ էր մարջ եկել, որ Ղարաբաղում է ծառայելու։ Ուզում էր Ղարաբաղում ծառայել։ Չէր փախչում ծառայությունից, պատրաստ էր ծառայության։ Իր մեծ եղբայրները՝ քրոջս, եղբորս որդիները, ծառայել են. միշտ հետաքրքրվել է ծառայությունից, հարցուփորձ է արել։ Քրոջս որդին նռնականետի վրա էր։ Ինքն այդ զենքից էր հարցուփորձ անում, ծառայության ժամանակ այդ զենքի վրա է եղել»։ Տիգրանը ծառայությունից չի դժգոհել, ձգտել է ծառայել այնտեղ, որտեղ կարգապահություն կա՝ իրենց ասած՝ ցրՑՈՉ։ 2015թ. նոյեմբերի վերջին Տիգրանն արձակուրդ է եկել, սակայն տանը երկար չի մնացել՝ 4 օր. «Ջերմությունը բարձրացավ, հոսպիտալում պառկեց, այնտեղից էլ միանգամից զորամաս տարան։ Տրամադրությունը բարձր էր։ Միայն մի բան էր ուզում՝ հնարավորության դեպքում Նոր տարին այստեղ անցկացնել, բայց չհաջողվեց»։ Հոր խոսքով՝ Տիգրանը ծառայության մասին չի պատմել, իրենց հետ զրուցելիս ընտանիքի անդամների որպիսության մասին է հետաքրքրվել. «Ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Ընդհանրապես չի դժգոհել»։

Tigran Berakchyan (7)

Ապրիլի 1-ին Տիգրանը վերջին անգամ զանգել է մորը, ասել, որ հասել են դիրքեր։ «Դա վերջին զանգն է եղել։ Լուր չկար։ Ես այդ տեղեկությունը Ղարաբաղում եմ իմացել։ Ապրիլի 5-ի երեկոյան դուրս եմ եկել, ապրիլի 6-ի լուսադեմին հասել ենք Ղարաբաղ։ Հադրութի դիվիզիոն ենք մտել, այնտեղ ենք իմացել, որ անհայտ կորածների մեջ է։ Ասացին, որ Կարմիր խաչի հետ փոխանակումների, որոնման աշխատանքներ պիտի անեն։ Հետո արդեն, երբ վերջին 18 հոգու փոխանակում էին արելգ,- պատմում է Տիգրանի հայրը,- Հադրութից այն կողմ չթողեցին գնալ։ Ճանապարհը կրակի տակ էր, վտանգավոր էր։ Այդ ամենը Հադրութի դիվիզիոնից եմ իմացել։ Դեպքի հետ կապված բացատրություն տվեցին, որ հարձակում է եղել, մի դիրքով մտել են, շրջափակել, կռիվ տվել»։

Tigran Berakchyan (8) Tigran Berakchyan (2)

Տիգրանի մայրը՝ տիկին Եվգինեն, ասում է՝ որդին ամեն ինչում շտապում էր։ «Զորակոչվելու համար իրեն հուլիսի 14-ն էին ասել։ Ասել էր՝ գրե՛ք 10-ին։ Երբ եկավ, հարցրի՝ Տիգրա՛ն, ինչո՞ւ հուլիսի 10-ին։ Ասաց՝ շուտ գնամ, շուտ գամ։ Կարգուկանոն էր սիրում։ Ամեն ամիս իր գնացած օրը զանգում էր։ Զանգում, հիշեցնում էր, ասում էր՝ մա՛մ, հիշո՞ւմ ես՝ այսօր ինչ օր է։ Ասում էի՝ ինչպե՞ս չեմ հիշում, մեկ ամիսն անցավ, երկուսը, երեքը։ 8-րդ ամսին զանգեց։ 9-րդ ամսին լուրն իմացանք։ Սպասում էի, թե պիտի զանգի»։

Մայրն ասում է՝ մարտի 5-ին, երբ որդին զանգել է, նրա ձայնում տխրություն է զգացել. «Հարցրի՝ Տիգրա՛ն ջան, ի՞նչ է եղել, ասաց՝ ոչ մի բան։ Ասացի՝ մի տեսակ ես, հո հիվանդ չե՞ս։ Ասաց՝ չէ՛, մա՛մ, ուղղակի տղաներից մեկի համար եմ նեղվել, մայրը քաղցկեղով է հիվանդ, հա՛մ արձակուրդ են թողել, հա՛մ էլ բաներ են խոսում, ասաց՝ բայց չի կարելի, չէ՞»։

Տիկին Եվգինեի խոսքով՝ ամբողջ մարտ ամսին որդու մոտ տխրություն է նկատել. «Երբ հարցնում էին՝ Տիգրանն ինչպե՞ս է, ասում էի՝ երեխաս մի տեսակ տխուր է։ Դա Տիգրանից չէր։ Մտածում եմ, թե երեխան ինչ-որ բան էր զգում, թե այլ բան կար՝ չեմ հասկանում։ Միգուցե իրենք ինչ-որ բան են զգացել»։

Tigran Berakchyan (1)

«Մինչև ծնունդը զանգեց, հարցրեց՝ մա՛մ, կարո՞ղ է ծնունդիս գաք, բայց քանի որ հորեղբայրը մահացել էր, ասացի՝ հնարավորություն չկա, Տիգրա՛ն ջան»,- պատմում է Տիգրանի մայրը՝ նշելով, որ որդու ծննդյան օրվա համար սնունդ էր ուղարկել։

«22-ին ուղարկեցի։ Զանգեցի, շնորհավորեցի, հարցրի, թե ինչ են անում, ասաց, որ տղաները սեղան են պատրաստում։ Զարմացա, որ չասաց, ես հարցրի՝ համե՞ղ էր, նորմալ տեղ հասե՞լ էր։ Ասաց՝ հա՛, մա՛մ։ Զարմանում էի. ինքը հումորով էր, չէր ասում՝ մամա կամ մամ ջան, ասում էր՝ մամեց, ատեց, ատեցնյակ։ Չգիտեմ՝ այդ մեկ ամիսն ինքն ինչ էր զգում։ Մարտի 31-ին զանգեց։ Հարցրեց՝ մա՛մ, ինչպե՞ս եք, ի՞նչ կա։ Ապրիլի 1-ին պիտի դիրքեր բարձրանային։ Ասաց՝ տո՛ւր, բոլորի հետ խոսեմ՝ մեծից փոքր։ Անկախ ինձնից՝ միջովս մի բան անցավ։ Ճիշտ է՝ շատ է եղել, զանգել, ասել է՝ տատիկին տո՛ւր, փոխանցում էինք, բայց այդ օրն ասաց՝ մեծից փոքր խոսեմ։ Խոսեցինք։ Ապրիլի 1-ին աշխատանքի էի, զանգեց, ասաց՝ մամե՛ց, ո՞նց եք, ի՞նչ կա-չկա։ Չփչփացնում էր, հարցրի, ասաց՝ քո ուղարկած Վիտամին C-ն եմ ուտում։ Վերջին զանգը դա եղավ։ Ասաց՝ լավ եմ, նորմալ տեղ եմ հասել, երեկոյան կզանգեմ։ Ու էլ չզանգեց»։

Tigran Berakchyan (6)

Որդու մասին խոսելով՝ մայրն ասում է՝ Տիգրանը փոքր տարիքում դեղերի անունն էր ֆիքսում, որոնք ինքը նրանց տվել է. «Պապիկին շատ-շատ էր սիրում։ Նրա մահանալուց հետո Տիգրանը փոխվեց։ Պապիկի հոգեհանգստի ժամանակ գրկեցի իրեն, նայեց պապիկին, ասաց՝ մա՛մ, կթողնե՞ս պապիկին համբուրեմ։ Սարսուռ անցավ։ Ասացի՝ ո՛չ։ Երեք տարեկան էր, երբ պապիկը մահացավ։ Մինչև վերջերս դա հիշում էր։ Ասում էր՝ արձակուրդ գամ, առաջինը պապիկի գերեզման գնալը լինի»։

Մայրն ասում է՝ Տիգրանն ամեն ինչից գաղափար ուներ. «Սպորտ էր սիրում։ Երբ իրեն դպրոց տարա, ասաց՝ մա՛մ, ի՞նչ կլինի, ինձ ռուսական դպրոց տա՛ր։ Ասացի՝ Տիգրա՛ն ջան, հայրդ կամ մայրդ ռուս պիտի լինեն, որ տանեմ, ինչպե՞ս տանեմ։ Ասաց՝ ես հայերեն չեմ կարողանում տրամաբանել»։ Տիկին Եվգինեի խոսքով՝ որդին շատ շուտ էր ամեն ինչ ընկալում. «Մի օր 9 էր ստացել։ Հարցնում եմ՝ ինչի՞ց ես 9 ստացել, ասում է՝ ռուսերենի անգիրից։ Ասացի՝ բայց դու ե՞րբ ես գիրք բացել, որ 9 ես ստացել։ Ասաց՝ մեկն ասաց, մի անգամ էլ աչքիս տակով անցկացրի, գնացի, ասացի»։

Tigran Berakchyan (9)

«Իրեն բոլորը գիտեին՝ ուրախ, կատակասեր, համեստ, մեծերին լսող, աշխատասեր, հայրենասեր։ Միշտ ձգտում էր ինքնուրույն գումար վաստակել, տարբեր տեղերում աշխատել է»,- խոսելով Տիգրանի մասին՝ ասում է նրա հորեղբոր որդին՝ նշելով, որ Տիգրանը կռիվ չէր սիրում։ «Միշտ ասում էր՝ ես չզգացի, թե ծառայությունս ինչպես անցավ, երբ բարձրանամ դիրքեր, ավելի շուտ կանցնի»։

Տիգրանի մայրն էլ նշում է, որդին դժվարություններին կդիմանար, կարող էր օրերով էլ քաղցած մնալ. «Երբ ասում էին՝ երեխաները չկան, ասում էի՝ իմ երեխան մի շաբաթ էլ անցի, սովին էլ կդիմանա։ Այդ 10 օրվա ընթացքում այդպիսի բաներով էլ անցանք։ Անընդհատ փրկություն էի գտնում։ Ասում էին՝ երեխաներն անտառ էին փախել, և այլն։ Ասում էի՝ մի օր էլ լինի, մեկ ամիս էլ լինի, իմ երեխան քաղցած էլ կդիմանա։ Ես վստահ էի, որ ինքը մինչև վերջ նորմալ կծառայեր։ Ո՛չ ուտելիքից էր դժգոհում, ո՛չ հագուստից…»։

Tigran Berakchyan (5) Tigran Berakchyan (4) Tigran Berakchyan (3)

«Բոլորն էլ ասում էին, որ իրենց դիրքի տղաներն ընտանիքի նման են եղել։ Երբ մեկն արձակուրդ է գնացել, աշխատել է շուտ ետ գա, որ նույն տղաների հետ դիրք բարձրանա»,- պատմում է Տիգրանի հորեղբոր որդին։

Նշենք, որ Տիգրան Բերակչյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Տեսանյութեր

Լրահոս