«Պայմանավորվածությունը հստակ է, կողմերը տվել են իրենց համաձայնությունը». փոխնախարարը՝ Ալիև-Սարգսյան հանդիպման մասին
Մադրիդյան սկզբունքները շարունակում են օրակարգում մնալ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
Ինչպես արդեն տեղեկացել ենք, այսօր նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերոմ նշվում է ԼՂ մասնակցության մասին: Դիտարկմանը, թե գործընթաց չկա, որտեղ Հայաստանը բարձրացնում է այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ, Կ. Նազարյանը պատասխանեց, որ նա, ով մաս չի կազմում բուն բանակցային գործընթացին, չի կարող տեղյակ լինել, թե ինչ է քննարկվում այդ բանակցությունների ընթաքում. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, դրա մասին բազմիցս խոսել են ՀՀ պետական այրերը»:
Կ. Նազարյանի խոսքով՝ Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, անում է ամեն ինչ՝ կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Փոխնախարարը, սակայն, նշեց, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամկետների վերաբերյալ դեռևս հստակություն չկա:
Հարցին՝ եթե առաջխաղացում այդ գործընթացում չլինի, կարո՞ղ ենք ասել, որ հունիսին նախագահների հանդիպումը չի լինելու, Կ. Նազարյանն այսպես պատասխանեց. «Չեմ ուզում հավատալ, որովհետև, որքանով ես եմ տեղյակ, պայմանավորվածությունը հստակ է, կողմերը տվել են իրենց համաձայնությունը. մի բան է, որ Ադրբեջանը հիմա փորձում է հետ կանգնել կամ ձևացնել, որ չկան նման պայմանավորվածություններ, բայց նման պայմանավորվածություններ ձեռք են բերվել»:
Թե ի՞նչ է անելու հայկական կողմը, եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, փոխնախարարը չցանկացավ կանխատեսել:
Նա նաև հայտնեց, որ Մադրիդյան սկզբունքները շարունակում են օրակարգում մնալ: Հարցին, թե այդ 800 հեկտար տարածքի կորուստը չի՞ խոչընդոտում այդ սկզբունքների կենսունակությանը, փոխնախարարը պատասխանեց, որ ոչ, չի խոչընդոտում: