Մեծ Բրիտանիայում աճում է ուսանողների ինքնասպանությունների թիվը
Մեծ Բրիտանիայում ուսանողների ինքնասպանությունների թիվը հասել է 2007 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին: Այդ մասին վկայում են ազգային վիճակագրական ծառայության տվյալները, տեղեկացնում է BBC-ն:
2014 թվականին Անգլիայում եւ Ուելսում 130 ուսանողներ, որոնք սովորում էին բուհերի ցերեկային բաժանմունքներում, իրենց կյանքին վերջ են տվել ինքնասպանությամբ: Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ կյանքի հետ իրենց հաշիվները մաքրել են 97 պատանիներ եւ 33 աղջիկներ:
2013 թվականին ամբողջ Բրիտանիայում սուիցիդի 100 դեպք է գրանցվել ուսանողների շրջանում: 2010 թվականին այդ ցուցանիշը նույնպես բարձր է եղել. ինքնասպանություն են գործել 127 ուսանողներ:
Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ համալսարաններում եւ ուսանողական ավաններում շտապօգնության բոլոր կանչերի կեսը կապված է եղել ինքնասպանության կամ իրենց խեղանդամ անելու փորձերի հետ:
Հիմնական գործոնների թվում, որոնք երիտասարդ բրիտանացիներին դրդում են ինքնասպանության, նշում են սթրեսը, որին սովորողները ենթարկվում են քննությունների ժամանակ, ինչպես նաեւ ֆիզիկական արատները:
Ինքնասպանությունը Մեծ Բրիտանիայում մնում է մինչեւ 35 տարեկան երիտասարդների մահվան հիմնական պատճառը:
Երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը 2007 թվականից ի վեր ուսանողների շրջանում ինքնասպանությունների թվի հետ կապված իրադրության դիտարկումներ է կատարում:
Եթե խոսելու լինենք բոլոր տարիքային խմբերի մասին, ապա երիտասարդների շրջանում ինքնասպանություններն ամենաքիչն են: Սակայն դրանց թիվն աճում է այն դեպքում, երբ տարիքային մյուս խմբերում ինքնասպանությունների թիվը նվազում է: Երկրի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականին Միացյալ Թագավորությունում ինքնասպանությունների թվաքանակն ավելի փոքր է եղել, քան 2004, 1994 եւ 1984 թվականներին: