Բաժիններ՝

«Ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 25-ին հանդիպեցին լրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սկզբից Վարուժան Սուքիասյանը և Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեցին ընկերական հանդիպումների կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ խաղերի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, այնուհետև լրագրողները հարցերն ուղղեցին Հենրիխ Մխիթարյանին։

Ձեր կարծիքը Գվատեմալայի հավաքականի մասին:

– Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է մեզ համար, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին։

Կարդացեք նաև

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները:

– Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն կարծում եմ՝ պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք նոր են սկսում իրենց խաղային կարիերան։

– Առաջին հերթին կարող եմ ասել, որ ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից։

Ի՞նչ նորություններ կան Ձեր՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ

– Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին։

Եվրոպական հավաքականներից որի՞ շանսերն եք ավելի բարձր գնահատում Եվրո-2016-ի ժամանակ։

– Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա։

Հնարավո՞ր է երբևէ հանդես գաք Լոս Անջելեսում։

– Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ և վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։

Ի՞նչ պատգամ ունեք Լոս Անջելեսի հայությանը շաբաթ օրը կայանալիք խաղի համար։

– Մեզ համար շատ կարևոր է և հաճելի գտնվել այստեղ։ Առավել կարևորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է Հայաստանում տարբեր հիվանդություններ ունեցող և անօթևան երեխաների հիմնադրամին։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031