Թուրքիան և Ռուսաստանը կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հարցում. Մամեդյարով
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report կայքը, The Business Year 2016 ամսագրին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձ է կատարել նաև ռուս-թուրքական հարաբերություններին:
«Հարաբերությունները դինամիկ զարգանում են գրեթե բոլոր ոլորտում՝ ինչպես Թուրքիայի հետ, այնպես էլ Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձնում երկու երկրների հետ կապերի խորացմանը»,- հայտարարել է Մամեդյարովը:
«Ադրբեջանի հարաբերությունները ինչպես Թուրքիայի հետ՝ որպես իր ռազմավարական դաշնակցի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ որպես ռազմավարական գործընկերոջ, պատմական արմատներ ունեն, իսկ ստորագրված փաստաթղթերի ծավալը, ինչպես նաև փոխադարձ այցերը ամուր կապերի ևս մեկ ապացույց են»,- ասել է Մամեդյորվը՝ նշելով, թե Ռուսաստանի և Թուրքիայի ներկայիս հարաբերությունների վիճակն Ադրբեջանի համար ցանկալի չէ:
«Ե՛վ Թուրքիան, և՛ Ռուսաստանը կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս անվտանգության և կայունության պահպանման հարցում: Ադրբեջանը նախկինի պես հետաքրքրված է երկու երկրների հետ իր հարաբերությունների ընդլայնմամբ՝բոլոր հնարավոր եղանակներով:
Հուսով ենք, որ համատեղ ջանքերի արդյունքում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն երկխոսության ճանապարհով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: