Բաժիններ՝

Ազատելով Սավչենկոյին՝ Մոսկվան իրականացրել է Մինսկի համաձայնագրերի մի մասը. ԱՄՆ

Ազատ արձակելով ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ Ռուսաստանն իրականացրել է Մինսկի համաձայնագրերի կարևոր մասը, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ:

Այն պետք է խթան հանդիսանա պայմանավորվածությունների մնացած մասի իրականացման համար, նշել է ամերկացի դիվանագետը:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ նաև թվարկվում են համաձայնագրի չկատարված կետերը՝ Ուկրաինայում հրադադարի լիարժեք դադարեցում, ընտրոթյունների անցկացում՝ համաձայն ուկրաինական օրենքների և ԵԱՀԿ չափանիշների, տարածաշրջանից օտարերկրյա զորքերի, վարձկանների ու ռազմական տեխնիկայի դուրսբերում:

ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին ազատել նաև բոլոր պատանդներին ու մյուս՝ անօրինական պահվող մարդկանց, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում է շնորհել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին:

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաներել էր Ուկրաինայում ավելի վաղ ազատազրկման դատապարտված ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին, ովքեր ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ էին:

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր էր ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման:

Դատական գործընթացն սկսվել էր անցած տարվա սեպտեմբերի 22-ին: Սավչենկոն գրեթե երկու տարի էր, ինչ Ռուսաստանում ազատազրկված էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս