Բաժիններ՝

Պուտինը տնտեսական համագործակցության կոչ է արել Եվրամիությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել հունական «Կատիմերինի» թերթի համար, որը տպագրվել է Պուտինի՝ Աթենք այցին ընդառաջ։ Հունաստան այցը կդառնա Ռուսաստանի նախագահի՝ Եվրամիության կատարելիք առաջին ուղևորությունը:

Հոդվածում Պուտինը Աթենքի և Ռուսաստանի միջև համագործակցության դժվարությունները բացատրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների անկմամբ:

«Ռուսաստան և Հունաստան. համագործակցություն՝ հանուն խաղաղության ու բարգավաճման» հոդվածի ռուսերեն տարբերակը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Ցավոք, մեր հետագա համագործակցության ամրապնդմանը խոչընդոտում է Ռուսաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների անկումը, ինչը բացասաբար է ազդում երկկողմ ապրանքաշրջանառության դինամիկայի վրա»,- գրել է Պուտինը՝ նշելով, որ դրանից առավել շատ տուժել են գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները։
Միևնույն ժամանակ, Պուտինը խոստովանել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում «անլուծելի խնդիրներ» չկան ու Բրյուսելին առաջարկել է «հրաժարվել մեկ դարպասով խաղի արատավոր տրամաբանությունից»:

«Ուկրաինայի իրադարձություններից հարկավոր է քաղել անհրաժեշտ եզրակացություններ»,- ասել է նա՝ կոչ անելով ստեղծել տնտեսական ու մարդասիրական համագործակցության լայն շրջանակ, որը կհենվի «անվտանգության հավասար ու անբաժանելի ճարտարապետության վրա»:

Նրա կարծիքով՝ նոր միջազգային իրողություններում «հին մայրցամաքի» համար արժանի տեղ գտնելու համար անհրաժեշտ է միավորել եվրոպական բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի պոտենցյալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս