Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց առավել թափանցիկ դարձնել պետական գնումների գործընթացը

ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց ֆինանսների նախարարությանը:

«Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել հետևյալը՝ գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնան ակտերը, կատարողական ակտերը, հաշիվ ապրանքագրերը և այլն:

Միաժամանակ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսեկան կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութերի և այլն:

Նշված հաշվետվություններում ներկայացնում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների միջին գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն, ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն և առավելագույն գները ու հաղթողի առաջարկած գինը:

Այս կտրվածքով բացահայված տեղեկավությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով, և հանձարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը մշակել ծրագրային լուծում, որը հնարավորությոն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը՝ ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս