Արտեմ Ասատրյանը՝ հաշմանդամության խնդիր ունեցողների համար տարվող աշխատանքների և քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին օգնելու մասին

Ազգային ժողովում շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետության ներկայացումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով 2015 թվականի ընթացքում իրենց իրականացրած աշխատանքները, նշեց, որ հիմնական աշխատանքները ուղղված են եղել նորաստեղծ համակարգերի գործարկմանը, ներդրմանն ու կատարելագործմանը:

Նրա խոսքով՝ 2 տոկոսով նվազեց աղքատությունը, և դրանում դերն է ունեցել սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշեց, որ աշխատանք է տարվել զբաղվածության ոլորտում՝ աշխատանք փնտրողին աշխատանքով ապահովելու և աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքով ապահովելու առումով: «15 տոկոսով ավելացվեցին կենսաթոշակները: Համակարգում խնայողությունները, որ կատարվել են, ուղղվել են սոցիալական խոցելի ընտանիքներին, այդ թվում՝ զիծառայողներին»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց բարձրացրեց, թե հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման առումով ի՞նչ քայլեր են իրականացվել:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում մի քանի նսիտեր են գումարել, որտեղ ընդգրկված են եղել ոլորտի հասարակական կազմակերպությունները, որոնք ակտիվ համագործակցում են պեական մարմիների հետ. «Ոլորտում բավականին մեծ թվով աշխատանքներ են իրականացվում. բազմաթիվ թեքահարթակներ են կառուցվել, սայլակներ են տրամադրվել, շենքերում մի շարք հարմարեցումներ են իրականացվել, իսկապես փոքր ծավալ չի կազմում:

Հատկապես ԲՈՒՀ-երի մասով՝ կարիքների գնահատման աշխատանքներ իրականացվեցին, ու դրա արդյունքում ձևավորեցինք նաև որոշակի մեթոդաբանություն, թե ինչպես կազմել յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի համար կոնկրետ ծրագիր»: Նախարարը նշեց, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ունեն որոշակի պայմանավորվածություններ, և դրանք իրականացվելու են:

Լ. Սարգսյանը նաև հարց բարձրացրեց, թե քառօրյա պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին օգնելու ի՞նչ կոնկրետ քայլեր են իրականացվում:

Նախարարը նշեց, որ ստեղծվել էր համապատասխան աշխատանքային խումբ՝ վարչապետի որոշմամբ, որը կարճ ժամանակահատվածում կարիքների գնահատում իրականացրեց, ու այդ ուղղությամբ կոնկրետ առարկայական ծրագրեր են ներկացվել և իրականացվել. «Մեծ ծավալ կազմեցին նաև մեր քաղաքացիների կողմից ինքնաբուխ օգնության աշխատանքները, և դա ևս իր նպաստը բերեց այս ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս