ԱՄՆ զորքերը դեռ երկար կմնան Աֆղանստանում. Էշթոն Քարտեր
Աֆղանստանում ամերիկյան զորքերի կոնտինգենտը կկրճատվի, սակայն այդ երկրում դեռ երկար կմնա: Այդ պլանները նախօրեին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Նյուփորթ քաղաքում՝ ամերիկացի զինվորական նավաստիների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր պլանները Աֆղանստանում նախատեսում են զորքերի թվաքանակի կրճատում, սակայն մենք այնտեղ երկար կմնանք»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները կշարունակեն ֆինանսավորել Աֆղանստանի անվտանգության ուժերին, հայտնում է TASS-ը:
«Մենք ունենք ֆինանսական միջոցներ, որոնք մենք կշարունակենք նրանց տրամադրել: ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները հասկացրել են, որ իրենք նույնպես պատրաստվում ենք շարունակել ֆինանսավորել աֆղանական անվտանգության ուժերին: Դա առավել կարևոր հարցն է»,- ասել է Քարտերը:
«Այնուհետ մենք կմնանք Աֆղանստանում՝ աջակցելու անվտանգության ուժերին ու անցկացնելու հակաահաբեկչական օպերացիաներ»,-հայտարարել է Քարտերը: