Թուրքիայում քրդամետ պատգամավորներին կզրկեն անձեռնմխելիությունից. Էրդողանը «պատմական» է համարում որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պատմական» է համարել երկրի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունումը, որի օգտին այսօր քվեարկել է 550 խորհրդարանականներից 376-ը:
«Այսօր պատմական քվեարկություն է: Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել պատգամավորների, որոնք աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը (նկատի ունի «Քրդական աշխատավորական» կուսակցությանը): Իշխող կուսակցությունը, «Ազգային շարժում» կուսակցությունը ասում են. «Նրանք չպետք է այստեղ լինեն»»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ռիզե քաղաքում՝ իր կողմնակիցների առաջ:
Օրենքի ընդունման օգտին հանդես էր գալիս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որին աջակցում է Էրդողանը: Դեմ էր հանդես գալիս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, որը կարծում է, որ իր պատգամավորների մեծ մասին կզրկեն անձեռնմխելիությունից ու կենթարկեն քրեական հետապնդման՝ կապված այն բանի հետ, որ կուսակցությունը, ըստ Թուրքիայի իշխանությունների, աջակցում է «Քրդական աշխատավորական» կուսակցությանը:
Ավելի վաղ օրինագծի քննարկման փորձերը Թուրքիայի խորհրդարանում վերածվել էին ծեծկռտուքի իշխող և քրդամետ կուսակցությունների անդամների միջև: