
NASA գործակալությունը Մարսի նոր մանրամասն լուսանկարներ է ստացել

NASA-ն կարողացել է Մարսի նոր մանրամասն լուսանկարներ ստանալ, որոնք արվել են Hubble ուղեծրային հեռադիտակի կողմից:
Լուսանկարներում երեւում են բեւեռային սառցագմբեթները, ամպեր եւ Մարսի ռելիեֆի առանձին հատվածներ, այդ թվում՝ անապատներ ու խառնարաններ:
Նկարահանման պահին Երկրից մինչեւ Մարս տարածությունը կազմել է մոտավորապես 80 մլն կիլոմետր: Առաջիկայում այդ հեռավորությունը կնվազի. մայիսի 22-ին տեղի կունենա Մարսի դիմակայությունը, իսկ մայիսի 30-ին Մարսը եւ Երկիրը միմյանց կմոտենան վերջին տասը տարվա ընթացքում ամենամոտ տարածությամբ:
«Մարսի դիմակայությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ Երկիրը կհայտնվի նրա եւ Արեգակի միջեւ, եւ բոլոր երեք երկնային մարմինները կգտնվեն մեկ երեւակայական գծի վրա»,- ճշտել են ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում:
Այն հիշեցրել է, որ նման աստղագիտական իրադարձություն պատահում է յուրաքանչյուր 26 ամիսը մեկ՝ Մարսի եւ Երկրի ուղեծրերի տարբեր կետերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: