««Դեղերի մասին» օրենքը բացեր ունի. Սամվել Զաքարյան
Դեղերի մասին նոր օրենքի կարիք կար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
«Օրենքը հիմնականում արդիական է, միջազգային չափանիշներին համապատասխան, բայց, ինչպես միշտ լինում է օրենքներում, կան որոշակի բացեր, ճեղքեր, որոնք անհանգստացնում են և՛ մասնավոր հատվածին, և՛ անհատ ձեռներեցներին, որոնք աշխատում են այդ ոլորտում: Բացերը հիմնականում կայանում են նրանում, որ թվում է, թե դրույթը գրված է, լավ է հնչում, բայց կարգավորման խնդիրներն են, որոնց մասին մենք միշտ խոսում ենք, անհանգստանում: Այսինքն՝ շատ մասեր գրված են համապատասխան այն կարգի, որը հետագայում կլինի համապատասխան մարմնի կողմից»,- ասաց Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով՝ բացեր կան՝ ներմուծողների և դեղատնային ցանցերի հետ կապված: Օրինակ՝ ներմուծվում է պատշաճ բաշխման գործունեության ստանդարտ, ներկրողները պետք է ունենան լիցենզիա, ինչպես նաև՝ համապատասխան պահեստավորման և բաշխման համակարգեր. «Իհարկե, պահանջը կա, իհարկե, լավ է, որ լիցենզավորումը կա, բայց կան խնդիրներ. ստանդարտները, որոնք կդրվեն պահեստներում պահպանման և բաշխման դեպքում, դեռ պարզ չեն. օրինակ՝ ի՞նչ չափի կարող է լինել պահեստը, ի՞նչ պահանջներ կունենան պահեստները, որքա՞ն ֆինանսական պահանջներ կներկայացվեն կազմակերպությանը, որպեսզի կարողանան կարգավորել այդ պահեստները և աշխատեցնել: Դա մի խնդիր է»:
Անդրադառնալով դեղերի որակին՝ Սամվել Զաքարյանն ասաց, որ տեղական արտադրանքն անցնում է նույն փորձագիտական գործընթացը, ինչպես ամենահայտնի կազմակերպությունների ներմուծվող դեղերը. «Այստեղ պարզապես առկա է հայկական մտածելակերպը, որ մերը լավ չէ, դրսինը լավն է: Հարյուր անգամ ասել եմ, միլիոն անգամ էլ կասեմ՝ դեղերի տեղական արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Հենց ապրիլյան օրերին երևաց մեր տեղական արտադրողների նվիրվածությունը և ակտիվությունը»: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր 8 տեղական արտադրող կա, իսկ Ադրբեջանն արտադրող չունի: Նա հորդորեց հանգիստ գնել հայկական դեղեր, բողոքների դեպքում էլ կարող են դիմել արտադրողներին:
Նրա խոսքով՝ գրանցվում են դեպքեր, երբ Վրաստան մեկնող տաքսիների վարորդների ցուցակ են տալիս, որպեսզի նրանք հետ գալիս էժան դեղեր բերեն: