«Հեռախոսով ասում էր՝ վախենալու բան չկա, առաջին անգա՞մ ես լսում կրակոցներ, վախդ երեխաների մոտ ցույց մի տուր». կնոջը հորդորել էր զոհված Արամ Առուշանյանը

aparaj.am. Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում զոհված Արամ Նիկոլայի Առուշանյանը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր:

Փոխգնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ եւ տասնյակ պետական եւ գերատեսչական մեդալների արժանացած Արամ Առուշանյանն անցել է 1990-ականների Արցախյան պատերազմի թոհուբոհով, եղել է հրետանու պետ:

Քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ ինքնակամ ստանձնեց հրետանավոր-հրամանատարի իր ծառայությունը՝ անմիջապես հայտնվելով ամենաթեժ վայրերում:

Ապրիլի 2-ին, երբ սկսվեց պատերազմը, Արամը տիկնոջը՝ 35-ամյա Էլլադային 4 երեխաների հետ թողեց Մարտակերտի իր ծառայողական տանը եւ շտապեց առաջնագիծ:

«Երբ Մարտակերտի վրա սկսեցին կրակել, խուճապի էի մատնվել, իսկ նա հեռախոսով ասում էր՝ վախենալու բան չկա, առաջին անգա՞մ ես լսում կրակոցներ, վախդ երեխաների մոտ ցույց մի տուր: Ասացի՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ասաց՝ դուռը փակեք, սպասեք, մենք ամբողջությամբ հսկում ենք իրավիճակը, բան չի լինի, հանգիստ եղեք: Հետո եկավ, մեզ տարավ Հաթերք` իր հայրական տուն ու հետ գնաց դիրքեր: Մի քանի օր մնացինք Հաթերքում, ապա նորից Մարտակերտ տարավ: Ասացի՝ եթե նորից կրակեն, ես 4 երեխայի հետ ի՞նչ եմ անելու: «Մենք այնտեղ ենք, ոչինչ չի լինի»,- պատասխանեց հստակ »,- պատմում է կինը:

DSC_0009

Իրավիճակը ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը նորից վատացավ, Էլլադան երեխաների հետ տանը մենակ էր, ամուսինը գնացել էր Մատաղիսի եւ Թալիշի դիրքեր՝ ճշտումներ անելու: Գիշերը Մատաղիսի դիրքերում էր, երբ… հրանոթի կրակոցը խոցեց նրան:

Էլլադան ցույց է տալիս ամուսնուց մնացած մասունքները՝ թղթադրամի եւ անձնագրի մնացորդներ:

«Նրանից միայն սա է մնացել, դագաղը փակ են բերել, թերեւս այդ է պատճառը, որ չեմ կարողանում հաշտվել իրականության հետ: Անընդհատ ամբոխի մեջ նրան եմ փնտրում: Զավակներս էլ դեռ հավատում են, որ հայրը կգա: Ավագ որդիս՝ Արան, ասում է՝ մա՛մ, մի լացիր, պատերազմը երբ ավարտվի, հայրիկը կգա»,- ասում է Էլլադան:

Փոխգնդապետի ավագ դուստրը եւ կրտսեր որդին առողջական խնդիրներ ունեն: Ինչպես Էլլադան է նշում՝ նախքան պատերազմը, բարդություններից խուսափելու համար, տարին մի քանի անգամ հետազոտությունների էին տանում Երևան. այս անգամ չհասցրին, ամուսինն ասաց՝ ամեն բան հանդարտվի, կտանենք:

DSC_0011-1

Այժմ ընտանիքը ժամանակավոր ապրում է Ստեփանակերտի «Ախթամար» հյուրանոցում, ուր ապաստան են գտել Թալիշից եւ Մատաղիսից փոխաստականներ:

Էլլադան Մարտակերրտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է, մանկուց երկկողմանի ծնողազուրկ է, միայն երկու քույր ունի: Ավագ քույրն է այժմ Ստեփանակերտում խնամում նրան եւ երեխաներին: Թե մինչեւ երբ պետք է մնա հյուրանոցում, դժվարանում է պատասխանել.

«Գիտեմ, որ անվերջ այստեղ չեմ կարող մնալ, սակայն Մարտակերտում գտնվող ծառայողական բնակարան վերադառնալն ինձ համար հոգեպես դժվար է: Միայնակ չորս երեխաների հետ, անկեղծ ասաց, համարձակությունս չի հերիքում: Եթե, Աստված մի արասցե, նորից վտանգ լինի ի՞նչ կարող եմ անել մեն-մենակ, 4 երեխաների հետ»,- ասում է Էլլադան:

Էլադան ավարտել է ԱրՊՀ մանկավարժություն եւ տարրական դասարանների մեթոդիկա բաժինը, Մարտակերտում գրադարանավարուհի էր աշխատում, ասմունքի խմբակ էր վարում, այժմ էլ պատրաստակամություն ունի աշխատելու եւ ընտանիքի հոգսերը հոգալու:

Երեխաներից 3-ը հաճախում են Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցը, բոլորն էլ առաջադիմություն են ցուցաբերում ուսման մեջ:

«Հայրը կարեւորում էր երեխաների ուսումը, առավել շատ էր կարեւորում նրանց հայեցի դաստիարակությունը: Ասում էր՝ առաջին հերթին հայրենասիրությունն է, հետո մյուս բաները: Նրանց ասում էր` եթե հայրենասեր չլինեք, երբեք դուք ձեր երեխաներին չեք կարող ճիշտ դաստիարակել: Մի երգ կար, շատ էր սիրում բառերը, անընդհատ երգում էր. «Կյանքս կտամ հայրենիքիս…»: Ինձ էլ պատվիրում էր` երեխաներին անպայման դա սովորեցրու: Ես էլ ասում էի՝ այնքան այդ երգը կերգես, մի օր իրականություն կդառնա: Չէի հասկանում` ինչ էի ասում… վերջում այդպես էլ եղավ…>>:

Արմինե Նարինյան

Տեսանյութեր

Լրահոս