Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվի. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտության և այդ հարցի վերջնական կարգավորման հասնելու մասին, որին շարունակում է նպաստել Ռուսաստանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քննարկվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի՝ Երևանում այսօր կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:

Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանը լարվածությամբ հետևել է ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանը ու ուժերի ներածին չափով օգնել է լուծել ստեղծված իրավիճակը: «Կարևոր է, որ հրադադարի այն վիճակը, որը ձեռք է բերվել, պահպանվի»,- ասել է նա:

ՌԴ վարչապետի խոսքով՝ «Մոսկվայում ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերը՝ պահպանել երկխոսությունը, որպեսզի ապագայում թույլ չտրվեն նման կարգի դեպքեր՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունները, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-1995 թվականներին»:

ՀՀ նախագահը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ հակամարտության գոտում հրադադարի խախտման դեպքերի վերահսկման մոնիթորինգը: «Մենք, իհարկե, մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի խախտումներ չլինեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հայտարարել է, որ հույս ունի, որ կկատարվեն այն բոլոր որոշումները, որ ձեռք են բերվել Մինսկի խմբի աշխատանքի շրջանակում:
Մեդվեդևը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը:

«Կարող եք չկասկածել, որ Ռուսաստանը միշտ օգնել է ու օգնելու է լուծել այդ բարդ հակամարտությունը: Իսկ մենք հիմա ձեզ հետ կքննարկենք այն, ինչ դրա հետ կապված է»,- ասել է Մեդվեդևը, ինչից հետո հանդիպումը շարունակվել է փակ ռեժիմով:

Տեսանյութեր

Լրահոս