«Կարևոր է, որ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը պետք է այսուհետ ևս պահպանվի». ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը՝ Վիեննայի հանդիպման մասին

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը մեծ հաջողություն է համարում Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը:

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով հանդիպմանը՝ նա նշեց, որ հանդիպումը հատկապես կարևոր էր, քանի որ այն տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերի և մեծ քաղաքական աջակցության շնորհիվ, որը տրամադրել են երեք արտգործնախարարները:

«Կարևոր է ոչ միայն այն, որ հանդիպումը տեղի է ունեցել, այլ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել, հատկապես այն, որ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը պետք է այսուհետ ևս պահպանվի, որ պետք է մշտադիտարկման մեխանիզմ ստեղծվի շփման գծում, և, որ ԵԱՀԿ հատուկ հանձնակատար պարոն Կասպրչիկի աշխատակազմը նույնպես պետք է ընդլայնվի: Դրանք այն կետերն են, որոնց համար Գերմանիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում նույնպես իր ջանքերն է գործադրել և ամեն ինչ արել է, որ դրանք իրականություն դառնան»,- նշեց դեսպանը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել է, որ իրենք դեմ են դեսպան Անջեյ Կասպրչիկի լիազորությունների ընդլայնմանը՝ Մաթիաս Քիսլերն այսպես պատասխանեց.

«Գոյություն ունի համանախագահների հայտարարությունը, որտեղ ամրագրված է այն, որ երկու կողմերն էլ համաձայնություն են ձեռք բերել այդ աշխատակազմի ընդլայնման վերաբերյալ, և ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ իրենց պետք է պարտավորված զգան՝ այդ համաձայնությունն իրականացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս