Բաժիններ՝

«Պահանջում եմ բոլորից զերծ մնալ իմ անունից կեղծ հայտարարություններ անելուց». Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Արցախյան շարժմանը հաջորդել է մեզ պարտադրված պատերազմը, և հայ ժողովուրդը հատկապես 1991-94թթ. միակամ և միաբան ոտքի ելավ՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի և ժողովրդի:

1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի մասին պայմանագիրը պետք է հեռու պահեր մեզ հետագա պատերազմներից, բայց մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր հակառակորդը նենգ է ու ստոր:

Եվ դրա վառ ապացույցն էր այս տարվա ապրիլյան իրադարձությունները, որոնք պաշտպանողական մարտերը վերածեցին հարձակողականի:

Արցախցիներն անմիջապես զգացին Հայաստանի ժողովրդի և համայն հայության արձագանքը և նետվեցին մեր պաշտպանական բնագծերը: Ես, որպես այդ մարդկանցից մեկը, իմ համեստ մասնակցությունն ունեցա մեր ժողովրդի և հայրենիքի պաշտպանության գործում, և կուզենայի խորին շնորհակալություն հայտնել զինված ուժերի բոլոր մարտիկներին, մեր ժողովրդին և համայն հայությանը՝ իրենց այդ մեծ առաքելության համար:

Միաժամանակ ուզում եմ իմ խորհուրդն ու հորդորներն ուղղել բոլորին՝ զերծ մնալ ցանկացած հայտարարություններից, մեկնաբանություններից և ոչ պրոֆեսիոնալ պարզաբանումներից, որոնք կարող են վնասել հայրենիքի անվտանգությանը:

Այդ համատեքստում, պաշտոնապես հայտարարում եմ, որ վերջերս lragir.am-ում հրապարակված՝ իմ կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ փոխանցելու վերաբերյալ ինձ վերագրվող կոչերն անհիմն են և իրենց մեջ պարունակում են քաղաքական շահարկումներ: Ուստի, պահանջում եմ բոլորից զերծ մնալ իմ անունից կեղծ հայտարարություններ անելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս