Գերմանիան և Ֆրանսիան կոչ են անում հրավիրել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ
Գերմանիան և Ֆրանսիան կոչ են անում շարունակել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքները: «Չնայած բոլոր տարաձայնություններին ու հակասություններին, հարկավոր է Ռուսաստանին բացատրել այն որոշումները, որոնք պլանավորված են ընդունել Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում»,- առաջարկել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բրյուսելում դաշինքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո՝ ընթրիքի ժամանակ, հայտնում է dpa գործակալությունը:
Շտայնմայերի կարծիքով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը նման բացատրությունների համար առավել հարմար ձևաչափ է, իսկ նիստը հարկավոր է հրավիրել մինչ Վարշավայի գագաթաժողովն սկսելը, որը նախատեսված է հուլիսի 8-9-ը:
Պարզ չէ, թե այդ «հակասական» գաղափարը, ինչպես նշել է Շտայնմայերը, կընդունի Ռուսաստանը: Իր հերթին, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ հարկավոր է «միանգամայն բաց խոսել ռուսների հոտ, որպեսզի նրանց մոտ անորոշություն չլինի մեր մտադրությունների առնչությամբ»:
«Մեր մտադրությունների մեջ է մտնում համընդհանուր անվտանգության երաշխիքների ապահովումն ու ահաբեկչության դեմ պայքարը, այդ պատճառով էլ մենք պետք ենք միմյանց»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը: