«Ապրիլի 4-ին եմ վերջին անգամ խոսել հետը, ասաց վիճակն այնքան էլ լավ չէ…»

«Անկախության 5» հասցեում զինվորական տաբատով 15-ամյա Հարութը լվանում է մեքենան․ «Պապայինն է, դե հետո ես կքշեմ»,-տխուր ասում է նա։ Հարութը մայոր Հովսեփ Մայիլյանի ավագ որդին է, ով զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ։

Հովսեփի կապուտաչյա կինը՝ Կարինեն, դիմավորում է, ուղեկցում խոհանոց, որտեղ սիրում էր նստել իր ամուսինը, բազմոցին պառկած երկու տարեկան Հայկը ժպտում է ու շարունակում նայել իր մուլտֆիլմը։ «Ասում էր՝ Հարութին շատ եմ սիրում, եթե մի օր չտեսնեմ՝ կգժվեմ»,- պատմում է Լյուբան՝ Հովսեփի քույրը, ով Հովսեփից մեծ է 12 տարով։

Հադրութում Հովսեփին բոլորը որպես Հովիկ գիտեն, մանկության տարիներին մայրը Հովսեփին Հովիկ էր ասում, ու այդպես մնաց հանրությանը ճանաչելի՝ Հովիկ։ Մոր հիվանդության պատճառով Լյուբան է մեծացրել Հովիկին. 15 տարեկան էր Հովիկը, երբ մայրը մահացավ։ Իր գրկում մեծացած Հովիկին քույրրը այսպես է ներկայացնում․ «Հովիկը մեր մեծ տոհմի բարեկամության թնջուկն էր, հարազատներին համախմբողը, երբ նա տանն էր, խնջույքներն ու տոնախմբություններն անպակաս էին»։

Հարազատների խոսքով՝ Մայիլյանների բակը երբեւէ այսքան խաղաղ չէր եղել, անընդհատ հյուրեր, կերուխում, զրնգուն ծիծաղներ։

16 տարվա համատեղ կյանքում Հովիկը միշտ ուշադիր ու հոգատար էր, կնոջ խոսքով, ամեն անգամ, երբ տուն էր գալիս, պետք է երեխաների համար նվերներ բերեր։ «Զինվորական կյանքը մնում էր դռան ետեւում, երբ նա տուն էր մտնում»,-ասում է կինն ու ավելացնում, որ ոչ մի խոսք բանակի մասին չէր հնչում տանը։ «Ընտանիքը սրբություն էր նրա համար, մի ուրիշ ձեւի էր կապված երեխեքի ու կնոջ հետ»,-ասում է Լյուբան, իսկ կողքին նստած Կարինեն չի կարողանում զսպել լացը։

5137

Հոգատար հայրը նաեւ հոգատար որդի էր: Լյուբան հիշում է, թե ինչպես է Հովիկն իրենց հորը գրկած հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխում․«Պապան ասաց՝ այ տղա, խալխը իրենց ծնողներին ծերանոց է տանում, Հովիկին էլ թե՝ քանի ես կամ՝ ձեռքերիս վրա եմ քեզ տանելու»,-պատմում է Լյուբան։

Բոլոր բարեկամների կողմից սիրված, ընկերական լայն շրջապատ ունեցող ու հյուրընկալ Հովիկը մենակ սեղան չէր նստում․ «Եթե պատահեր հանկարծ մենակ սեղան նստեր, անպայման ասում էր՝ չէ, էսպես չի լինի, տեսնեմ ով կա փողոցում, ու գտնում էր անպայման մեկին»,-նշում է քույրը։

Հովիկն արդեն զինվորական թոշակի պիտի անցներ, սեփական տունը վերանորոգեր, տեր կանգներ իր այգուն, որը սիրում էր երեխաների հետ մշակել, սակայն այլեւս երեխաները պետք է շարունակեն իր գործը։ «Ապրիլի 4-ին վերջին անգամ եմ խոսել հետը, ասաց վիճակն այնքան էլ լավ չէ»,- հիշում է կինն ու ավելացնում՝ իրենց լսած տեղեկություններով՝ Հովիկին հետ են կանչել, սահմանին տանկ էր փչացել, պիտի ստուգեր, զրահատեխնիկայի ծառայության պետն էր։

Հովիկի դագաղը փակ էր, հարազատները չկարողացան վերջին հրաժեշտը տալ իրենց կենսախինդ ու ժպտերես Հովիկին, քույրն ասում է, որ չի կարողանում իրեն ներել՝ պիտի գնար, պիտի ինքը ճանաչեր եղբորը։ «Խոսում եմ նրա մասին, բայց դեռ չեմ կարողանում օժանդակ բայի անցյալ ժամանակն օգտագործել, չեմ համակերպվում, որ նա չկա»,- արցունքների միջից պատմում է Հովիկին մեծացրած քույրը։ Հարազատ քրոջ համար ցավալին այն է, որ 2 տարեկան Հայկը չի հիշի հորը․ «Առաջին օրերին երեկոյան կանգնում էր դռան մոտ, սպասում հորը ու հիասթափված ասում՝ պապան չեկավ», մի քանի օր կրկնվեց, հետո էլ չսպասեց»,- ասում է քույրը, սա է, որ կեղեքում է իրեն, հարազատ եղբոր վառ կերպարը չի հիշի փոքրիկ Հայկը, ում հայրն այդքան շատ էր սիրում։

Հովիկի աղջիկը՝ 11-ամյա Մարիետան մոր պես համեստ է, հանգիստ բնավորություն ունի։ Կարինեի խոսքով` երեխաները քչախոս են եւ հազվադեպ են կիսվում իրենց հույզերով։ Մարիետան ցույց է տալիս իրենց ընտանեկան նկարները, որտեղ հայրը Հարութին գրկել ու ծիծաղում է։ Իսկ ավագ որդին այսօր էլ շարունակում է այնպես անել, որ հայրը երկնային թագավորությունում գոհ լինի իրենից, մեքենան հենց դրա համար է լվանում․ «Սիրում էր, որ մեքենան մաքուր էր լինում, այգում որեւէ գործ արված»,-ասում է Հովիկի կինը՝ Կարինեն։

5138

Այսօր Հովիկի բացակայությունը բարեկամները իրարով են փորձում լցնել․«Նույնիսկ կես ժամով էլ լինի պիտի գամ իմ հայրական տուն, տեսնեմ Հովիկի երեխեքին ու նրա անկյունը․ երբեք մտքովս չէր անցնում, որ նրա հետ ինչ-որ բան կարող է պատահել, նա անխոցելի էր, նա անվախ էր»,-ասում է քույրն ու ավելացնում, որ այսուհետ Հովիկի հիշատակը վառ պիտի պահեն իրենց միասնականությամբ։

Հ.Գ. Լյուբայի որդին շատ էր սիրում քեռուն, նույնիսկ միշտ փորձում էր նմանակել նրա շարժումները։ Դեռ չի ամուսնացել, բայց ծնվելիք որդու անունն արդեն որոշված է՝ Հովիկ։

Մարիամ Սարգսյան
karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս