Հայկազ Բարսեղյանի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները. սավանն ամբողջությամբ արյան մեջ էր

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում այսօր հետազոտվում էին իրեղեն ապացույցները:

Քրեական գործին, որպես իրեղեն ապացույցներ, կցված են մի շարք իրեր, այդ թվում՝ գործով տուժողների զինվորական բաճկոններ: Դատարանում հետազոտվեց Հայկազ Բարսեղյանի անկողնու ներքնակի վրայի սավանը, որն ամբողջությամբ արյան մեջ էր: Ապացույցների շարքում էր Բարսեղյանի արյունոտ բարձը, դիակի հագից հանված զինվորական բաճկոնը: Բաճկոնի ուսումնասիրության ընթացքում ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ դրա աջ թևքի ներսային և մակերսային կողմից ակնառու արյան հետքեր չկան: Նշենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ 408 ննջարանում իր անկողնու վրա պառկած վիճակում բռնել են Հայկազ Բարսեղյանի ոտքերը, ձեռքերը, փակել բերանը,   սուր կտրող գործիքով կտրել աջ ձեռքի արյունատար անոթը: Նիստին մասնակցող փորձագետները, սակայն, նշեցին, որ բաճկոնի ներսում հետք կա: Ապացույցների շարքում էին նաև քուղերը:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց հրապարակել մի քանի անձանց կողմից տրված բացատրությունները, որպեսզի կարողանան հարցաքննությունների ընթացքում հղում կատարել դրանց, քանի որ հակասությունների դեպքում կարող են հրապարակել միայն նրանց նախաքննական ցուցմունքները: Մեղադրող Կարեն Հարությունյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պետք է հարցաքննել վկաներին, տուժողներին, հետագայում, եթե անհրաժեշտ լինի, կհրապարակեն: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանի դիրքորոշումն այն է, որ բացատրությունը կարող է հետազոտվել և հրապարակվել բացառապես անձի հարցաքննությունից հետո, երբ կառաջանան էական հակասություններ ցուցմունքներում: Միջնորդությունը մերժվեց:

Դատարանն այսօր բավարարեց ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի միջնորդությունը՝ որպես վկա հարցաքննել Մովսես Ազարյանի ննջասենյակում քնող կուրսանտներին:

Կարդացեք նաև

Haykaz11 (3) Haykaz11 (2) Haykaz11 (1) Haykaz (11) Haykaz (10) Haykaz (8) Haykaz (7) Haykaz (6) Haykaz (4) Haykaz (3) Haykaz (2) Haykaz (1)

Տեսանյութեր

Լրահոս