«Մի ժամանակ ընդդիմադիր էիք, հիմա էն մի կողմի փաստաբանն եք». Արամ Մանուկյանը՝ Միքայել Մելքումյանին
«Մի ժամանակ ընդդիմադիր էիք, հիմա էն մի կողմի փաստաբանն եք»,- այսօր ԱԺ նիստում ԿԲ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ներկայացնելով տնտեսական ցուցանիշները և հորդորելով Մելքումյանին, որ նա էլ ֆիքսի դրանք: Մելքումյանն ի պատասխան միայն ծիծաղեց:
Ա.Մանուկյանը շարունակեց և նշեց, որ բյուջեի դեֆիցիտը ներկայումս ՀՆԱ-ի 4.8%-ին է հասել, որը ՀԲ և մեր օրենքների թույլատրելիության սահմաններից վեր է: Նրա խոսքով` սահմանն անցել ենք նաև արտաքին պարտքի ցուցանիշով, որն այժմ արդեն ՀՆԱ 51%-ն է. «Այսինքն` երկու ցուցանիշով էլ մենք վտանագավոր գիծն անցել ենք, ոչ թե վտանգավոր գծին մոտ ենք»:
Ա.Մանուկյանը ներկայացրեց մի քանի վարկային ծրագրեր, որոնց կատարողականության ուսումնասիրությունները մի շարք թերացումներ ու խախտումներ են հայտնաբերել, հաճախ ռիսկային են գնահատվել, այսինքն` միլիոնավոր ու միլիարդավոր գումարներ մսխվել են: Պատգամավորը նաև ներկայացրեց ՀԷՑ-ի, Նաիրիտի խնդիրները, որբ վերցված վարկերը անարդյունավետ ու անպատասխանատու են օգտագործվել, որը ընդհանուր քաղաքականություն է:
«Ամենամեծ վարկը` «Հյուսիս-Հարավը», ե՞րբ եք վերջապես հայտարարելու, որ դա անարդյունավետ ծախս է և չի արդարացնում»,- ասաց Ա.Մանուկյանը` հավելելով, որ սպասվող վարկերն էլ հավելած ՀՀ արտաքին պարտքը հասնելու է 6 մլրդի, ինչը շատ վտանգավոր է: