Ալիևն ու Ռոգոզինը Բաքվում քննարկել են ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Հանդիպմանը կողմերը քննարկել են ապրանքաշրջանառությունը ու երկու երկրների հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների առևտրաշրջանառության ընդլայնման համար առկա է մեծ պոտենցյալ, ինչպես նաև իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման առնչությամբ:
Ռոգոզինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը ու նշել, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին բոլոր ոլորտներում:
ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ Բաքուն ու Մոսկվան բանակցություններ են վարում մեքենաշինության ոլորտում համատեղ նախագիծ սկսելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ տվյալ նախագիծը հետաքրքիր է ու հեռանկարային երկու երկրների համար: