Բաժիններ՝

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն չի բացառում Ղարաբաղում հակամարտության նոր սրացումը

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ երեկ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը, ասել է, որ դրական արդյունքներ չի ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից: Այս մասին տեղեկացնում է haqqin.az պորտալը:

«Ես որևէ կոնկրետ դրական բան չեմ ակնկալում բանակցություններից: Բանակցությունների նպատակը հասկանալի է՝ սառեցնել հակամարտությունը և խնդրի էությունը թողնել անփոփոխ: Նման դիրքորոշման է ձգտում նաև Ռուսաստանը»,- ասել է Ալիզադեն:

Քաղաքագետի խոսքով՝ ծայրահեղ դեպքում Կրեմլը պատրաստ է որոշակիորեն փոխել բանակցությունների ձևաչափը:

Նա «ոչ անկեղծ» է համարում  նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործողությունները:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային և ԱՄՆ-ին, ապա նրանք պարզապես ցանկանում են հակամարտությունից օգուտ քաղել և այն ստանում են»,- ասել է Ալիզադեն:

Նա չի բացառել նաև հակամարտության նոր սրացումը, ինչպիսիք տեղի ունեցան ապրիլի սկզբին: «Իհարկե, նման բան կարող է կրկնվել»,-  հավելել է նա:
Ալիզադեի կարծիքով՝ Ադրբեջանին մի շարք տարածքներ վերադարձնելու մասին տեղեկությունները ընդամենը խոսակցություններ են: Նա կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հեռանկարում կարող է արժանանալ արաբա-իսրայելական խնդրի ճակատագրին, որը չի լուծվում արդեն 70 տարի:

Բացի այդ, ըստ նրա, միջնորդները խանգարում են ժողովրդական դիվանագիտության անցկացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս