Հունիսին Հայաստանն ու Ադրբեջանը կհամաձայնեցնեն նոր հանդիպման տեղն ու վայրը. Լավրով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսին կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման ժամկետներն ու վայրը, որտեղ կշարունակեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարամետրերը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն իրենց հաջորդ հանդիպման ժամկետներն ու վայրը, հաշվի առնելով այն, ինչ արվել է քաղաքական գործընթացի ժամանակ, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման պարամետրերի շուրջ բանակցությունները»,- հայտարարել է Լավրովը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է փոխզիջում կողմերի միջև, Լավրովը պատասխանում է, որ այն փոխզիջումը հնարավոր է, սակայն, հաշվի առնելով ներկայիս ստեղծված իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլային եղանակով, «հակառակ դեպքում մենք դրանով չէինք զբաղվի»:

«Մեր նպատակն է գործն ավարտելը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել՝ հակամարտությունը լիարժեք կարգավորելու նպատակով»,- նշել է նա:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տեսանյութեր

Լրահոս