Ռուսաստանը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումների որոնմանը. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը հնարավոր է, սակայն, հաշվի առնելով ներկայիս ստեղծված իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլային եղանակով:
Ինչպես հայտնում է TASS-ը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Փոխզիջումը հնարավոր է միշտ: Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կդադարեին զբաղվել այդ հարցով։ Մեր նպատակն է գործն ավարտելը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել՝ հակամարտությունը լիարժեք կարգավորելու նպատակով»,- նշել է նա:
«Հավանաբար, հաշվի առնելով կողմերի միջև ստեղծված բավական լարված իրավիճակը` մենք ստիպված կլինենք դա փուլ առ փուլ անել: Կարգավորման առաջին փուլի պարամետրերի համաձայնեցումը կա: Դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդության շրջանակում, որոնք գործել են համանախագահների ընդհանուր մոտեցման շրջանակում ու որոնք արժանացել են մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հավանությանը»,- հավելել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ «հայ և ադրբեջանցի բանակցողները տրամադրված են ձևավորել այդ փոխզիջումները: Մենք հնարավոր ամեն եղանակով դրան նպաստելու ենք»,- ասել է նա: