Առաջարկ ՀՀ Կառավարությանը. Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցել կոմունալ վճարումների հարցում
4-օրյա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը պատրաստ է միասնական լինել հայրենի սահմանների պաշտպանության հարցում: Այդ պատերազմի արդյունքում 18-20 տարեկան հայ երիտասարդները, որոնք իրենց` հերոսի անունը մեր բոլորի հիշողություններում և սրտերում ամրագրեցին, մեկ րոպե անգամ չմտածեցին` անմնացորդ պաշտպանելով հայրենի հողը:
Գրեթե ամեն օր ԶԼՄ-ների միջոցով մենք ականատես ենք դառնում, թե ինչպիսի ծանր սոցիալական պայմաններում են ապրում որոշ երիտասարդ հերոսների ընտանիքներ, և քիչ չեն նրանք, որոնք միակողմանի ծնողազուրկ են:
Այդ ընտանիքները չեն կարողանում հասցնել մարել կոմունալ ծախսերը, ինչի արդյունքում կանգնած են էլեկտրոէներգիայից, գազից և ջրից զրկվելու շեմին: Հանուն օրենքի հասարակական շարժումը հանդես է գալիս առաջարկությամբ ՀՀ Կառավարությանը, որպեսզի վերջինս ուսումնասիրի այս խնդիրը և ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների, որոնց զավակները հերոսաբար իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, կոմունալ ծախսերի բեռը ժամանակավորապես վերցնի իր վրա, մինչև այդ ընտանիքները հնար կգտնեն այդ իրավիճակից դուրս գալու համար: Հուսով ենք, որ Կառավարությունը ուղիներ կգտնի խնդրին դրական լուծում տալու համար:
Հանուն օրենքի հասարակական շարժման համակարգող խումբ