Դատավորի օգնականն արդարացվել է. պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվել է
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դատավոր օգնականը, ում մեղադրանք էր առաջադրվել խարդախության փորձի համար, արդարացվել է:
Ա. Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական, խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն դատարանի վարույթում քննվող թիվ ԵԷԴ/0047/01/14 քրեական գործով ամբաստանյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվող Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակ նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ. մայիսի 07-ին պահանջել է 1.500 դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով»։
Ա. Կարապետյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և մանրամասն ցուցմունք է տվել: Դատաքննությամբ հետազոտված ապացույցների հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և բոլոր ապացույցները գնահատելու արդյունքում՝ դատարանը հանգել է այն հետևության, որ դրանք բավարար չեն ամբաստանյալ Ա. Կարապետյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար, նաև հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունը։ Դատարանը գտել է, որ բացի այդ՝ փոխկապակցված բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ առկա ապացույցները հիմք չեն տալիս անձի մեղավորության մասին հավաստի եզրահանգումներ անելու և uպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավոր միջոցները, այլ կերպ` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար չէ Ա. Կարապետյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։
Դատարանն իր վճռով վերացրել է դատախազի որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Ա. Կարապետյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը։ Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին՝ հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։