Ղարաբաղի էսկալացիան սպառնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմով. Գերմանիայի արտգործնախարար
Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, այնքան ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան մեծ է նոր էսկալացիայի վտանգը, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը: Այս մասին այսօր Վիեննայում՝ մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«6 շաբաթ առաջ շփման գծում դաժան մարտերը վկայում են, որ բազմամյա ստատուս-քվոն չկայացած է երկարաժամկետ հեռանկարում: Որքան երկար է շարունակվում հակամարտությունը, այնքան ինտենսիվ են զինվում հակամարտության կողմերը, այնքան բարձր է նոր էսկալացիայի ռիսկը, անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը»,- ասել է գերմանացի նախարարը:
Շտայնմայերի խոսքով՝ ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում հակամարտության լուծման հարցում: «Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը փորձում են երկար տարիների ընթացքում՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ, կոնսոլիդացնել կրակի դադարեցման ռեժիմի մասին որոշումը ու վերսկսել քաղաքական գործընթացը: Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող, աջակցում է դրան»,- հավելել է նա:
«Մեր կարծիքով՝ նպատակը պետք է լինի այն, որ հաստատվի և ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով, համաձայնեցվի վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները ու սկսվի բանակցային գործընթացը: Դա որոշ ժամանակ կպահանջի»,- ասել է գերմանացի նախարարը: